Պաշտոնական Բեռլինը հույս է հայտնել, որ Ուկրաինան Անկարային չի արտահանձնի Գերմանիայի քաղաքացի, թուրքական ծագում ունեցող Քեմալ Կ․-ին:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, անցած հուլիսին Քյոլնի բնակիչ, 52-ամյա Քեմալը Կ.-ն Անկարայի պահանջով ձերբակալվել է Ուկրաինայում: Ավելի վաղ գերմանական իշխանությունները նրան զգուշացրել էին արտասահմանում հնարավոր ձերբակալության վտանգի մասին:
Թուրք իրավապահները պնդում են, որ նա կապ ունի քաղաքական դրդապատճառներով երկու սպանությունների հետ: Ժամանակին Գերմանիան հրաժարվել էր նրան արտահանձնել Թուրքիային՝ այդ գործում «լուրջ կասկածների» առկայության պատճառով:
Գերմանական զլմ-ների տվյալներով, ձերբակալվածը Քյոլնում կրպակի սեփականատեր է, ամուսնացած է ուկրաինուհու հետ և հաճախ է անձնական գործերով այցելում Ուկրաինա:
Թուրքիայում Քեմալ Կ․-ն կապեր է ունեցել հայրենիքում արգելված կոմունիստական կուսակցության հետ և 2007 թվականին փախել է Գերմանիա և 2016 թվականին քաղաքացիություն ստացել:
Անցած օգոստոսին էլ Իսպանիան Թուրքիայի պահանջով ձերբակալել էր գերմանացի գրող Դողան Ախանլըին, ով մեկ օր անց ազատ էր արձակվել: Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, սակայն պարզ չէ, թե նրա դեմ ինչ մեղադրանքներ են ներկայացված: Գրողների միջազգային PEN ընկերակցությունը նրա ձերբակալությունը քաղաքական է որակել՝ որպես առիթ նշելով Հայոց ցեղասպանության մասին Ախանլըի թուրքալեզու գիրքը: