Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին:
Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:
Կառավարությունը 2016 թվականի մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին, այն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ն:
Ծրագրի համաձայն, «Դվին»-ի վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևանում նման դասի միակ կառույցը՝ 55 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:
Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 42 մլրդ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում:
Ընդհանուր համալիրը կվերանվանվի և հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկ» բրենդով: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը:
Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Համալիրը ներառելու է նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ և կառույցներ, այդ թվում նաև՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» (Apartments Plaza)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Կառուցվելու են նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ: