Մատչելիության հղումներ

Ժամանակն է քարանձավներից իջնելու և հասկանալու, որ կին-տղամարդ իրավահավասար են. փաստաբան


Ըստ փաստաբան Գևորգ Գյոզալյանի, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը պահանջված է Հայաստանում։

Փաստաբանի խոսքով՝ օրենքը լրացուցիչ գործիք կլինի, որով փաստաբանները կկարողանան պաշտպանել իրենց վստահորդներին։

«Օրինակ նշեմ՝ ամուսինը պարբերաբար ստորացնում, նվաստացնում է կնոջը, կինը վերցնում է երեխային, գնում հայրական տուն։ Ամուսինը ջղայնացած գնում է հայրական տուն, ջարդում է դուռը, կնոջը ստիպողաբար դուրս է հանում և ուժեղ ապտակում է։ Հիմա խոսենք իրավական հարթության մասին՝ ապտակեց կնոջը բոլորի մոտ, ինչպե՞ս պետք է պաշտպանենք այդ կնոջ իրավունքը. երբ որ մենք նայում ենք Քաղաքացիական օրենսդրությամբ՝ «վիրավորանք, զրպարտություն» հոդվածը, դա հրապարակային արտահայտությունն է, այսինքն՝ այստեղ գործողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե մենք խոսում ենք քրեաիրավական որակման մասին՝ «ծեծը», Վճռաբեկ դատարանը դեռ 2012 թվականին նախադեպային որոշում է կայացրել, որ ասում է, որ «ծեծը ես հասկանում եմ բազմակի գործողությունների շարք», այսինքն՝ մի ապտակը, դա դեռևս ծեծ չի նշանակում։ Այստեղ խնդիր է առաջանում՝ լավ էս կնոջը ո՞ր նորմով պետք է պաշտպանենք, այստեղ բախվում ենք ակնհայտ անարդարության հետ։ Սա ամենանվազագույնն է, որը ես ասում եմ», - ասաց Գյոզալյանը։

Օրենքի չընդունմամբ, ըստ փաստաբանի, կխրախուսվի բռնությունը։

«Հայկական այդ թյուր ըմբռնումը՝ մեր հայ ընտանիք, բարոյական ընտանիք, տնական աղջիկ, սա միֆ է, չկա նման բան, և սա աբսուրդ է, սրա տակ քողարկված են էն ամենասարսափելի բռնությունները, և այս հայկական ընտանիքը ոչնչով լավը չէ եվրոպական նորմալ ընտանիքից, կամ եվրոպական նորմալ ընտանիքը՝ հայկական նորմալ ընտանիքից, և ես կարծում եմ, որ, այո՛, այս օրենքի չընդունմամբ մենք խրախուսում ենք այն բանը, որ՝ «դե տղամարդ է, գնա ու հնազանդվի, որովհետև դու եկեղեցում ասել ես, որ հնազանդ ես», - ասաց Գյոզալյանը՝ շարունակելով. - «Իսկ ո՞վ ասեց, որ երեխաներին պետք է ապտակել, կնոջը պետք է ստորացնել... ժամանակն է արդեն, լավ իմաստով, քարանձավներից իջնելու և հասկանալու, որ կին-տղամարդ իրավահավասար են»։

Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն անցնում են թեժ մթնոլորտում։ Դրանց որոշ մասնակիցներ պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG