Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան․ «Մտավախություն ունեմ, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը թղթի վրա կմնա»


Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի, որ Եվրամիություն - Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կմնա թղթի վրա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը շեշտում է՝ մեծ հույս ունի, որ նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում փաստաթուղթը կստորագրվի, սակայն գլխավոր հարցն այն է` կունենա՞ արդյոք իշխանությունը քաղաքական կամք իրականություն դարձնելու բոլոր այն հանձնառությունները, որոնք Հայաստանը պարտավորվում է այս փաստաթղթով իրականացնել․ տվյալ դեպքում՝ իրական պայքար մղել գոյություն ունեցող արատավոր երևույթների դեմ, թե՞ իմիտացիոն գործընթացները շարունակվելու են:

«Իմ մտավախությունը մեկն է, որ՝ ցավոք սրտի, փաստաթղթի շատ կարևոր դրույթների բարեփոխումը կա՛մ կդանդաղի, կա՛մ դրանք այդպես էլ կմնան թղթի վրա», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը՝ թվարկելով ստվերային տնտեսության, մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ընդունված օրենքները, ստեղծված հանձնաժողովները ու կարծիք հայտնելով, որ՝ «միշտ էլ կարելի է զբաղվել իմիտացիաներով»:

«Կամ, ասում են, ընդունեցինք կեղծ հայտարարագրերի դեմ օրենք, կամ ապօրինի հարստացման դեմ օրենք: Իսկ այդ օրենքը, որ արդեն ընդունված է, ես ուզում եմ իմանալ՝ այսօրվա դրությամբ ինչ-որ մեկը պատժվե՞լ է ապօրինի հարստացած», - շարունակեց պատգամավորը: - «Բացեք մեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, նայեք իրենց դե ֆակտո ապրելակերպը, դե ֆակտո իրենց ունեցվածքը և համեմատեք դե յուրե հայտարարագրվածի հետ: Հիմա այդ կեղծ հայտարարագրվածի համար ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է: Ոչ՛», - շարունակեց Նաիրա Զոհրաբյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրերս «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ունի քաղաքական կամք` փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, նաև ժողովրդավարության առումով, իրականություն դարձնելու, հայտարարել էր, թե վերջին խորհրդարանական ընտրությունները եկան ապացուցելու, որ «Հայաստանի իշխանությունները ոչ միայն կամք ունեն, այլ այդ կամքը ոչ թե խոսք է, այդ կամքը գործ է»:

Մեկնաբանելով իշխող կուսակցության խոսնակի այս հայտարարությունը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե վերջին խորհրդարանական ընտրությունների նկատմամբ շատ լուրջ վերապահումներ կարող է ներկայացնել, ըստ այդմ՝ ձեռնպահ կմնա հիմա հայտարարել՝ իշխանությունները կունենան քաղաքական կամք, թե՞ ոչ: - «Ես ընդամենը թվարկեցի այն օրենքները, որոնք ընդունվել են և նշեցի, որ այդ օրենքների կիրարկումը մենք չենք տեսնում, բայց մենք դե ֆակտո գիտենք ովքեր են Հայաստանում, օրինակ, տնտեսական մոնոպոլիստները: Հիմա՝ այդ մոնոպոլիստները ինչ-որ կերպ բերված են հարկային դաշտ, թե՞ ոչ: Թույլ տվեք դրա վերաբերյալ ունենալ լրջագույն վերապահումներ: Այդ թվում՝ ինչպես արդեն նշեցի, ապօրինի հարստացման, կեղծ հայտարարագրեր ներկայացնելու դեմ: Ուստի ես լրջագույն վերապահում ունեմ քաղաքական կամքի հետ կապված՝ իշխանության տարբեր գործիչների հայտարարությունների մասով»:

Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ եթե գոնե մեկ անգամ իշխանությունը խոսքից անցնի գործի և իրականացվեն համաձայնագրում ընդգրկված քաղաքական, տնտեսական, իրավական, հարկային բարեփոխումները, որոնք հենց Հայաստանին են պետք, ապա կունենանք որակապես նոր երկիր:

«Դրա մասին շատ ուղղակի, բաց տեքստով ասում է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, որ՝ արտոնություններ կլինեն իրական բարեփոխումների դիմաց: Այո՛, Եվրոպական միությունը մեզ համար բանկոմատ չէ, որ քարտը մտցնեք, և ասեք՝ գումարը տվեք՝ մենք կանենք այս բարեփոխումները: Այսինքն, լինելու է կոնկրետ աջակցություն՝ կոնկրետ կատարված քայլի, իրական բարեփոխման դիմաց», - նշեց Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG