Տարեսկզբից մինչ այժմ կարագի գներն աճել են շուրջ 35 տոկոսով, այսօր հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Շաբոյանը նշեց, որ ըստ շուկայում իրականացրած ուսումնասիրությունների, կարագի գների բարձրացումը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից։
«Այդ բարձրացումն ավելի վաղ է սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից։ Եթե անցած սեպտեմբերից մենք դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով։ Ուսումնասիրել ենք ներկրող ընկերությունների բոլոր փաստաթղթերը, որպեսզի պարզենք, թե բարձրացումները որքանով են հիմնավորված։ Համաձայն մեր ուսումնասիրության արդյունքների, ձեռքբերումն այդ ընկերությունների թանկացել են շուրջ 87 տոկոսով», - ասաց Շաբոյանը՝ նշելով, որ միջազգային շուկայում անցած տարվա մայիսից մինչև հիմա կարագի գները բարձրացել են 126 տոկոսով։
«Այսինքն՝ գների բարձրացումն օբյեկտիվ է և պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը։