Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ևս հրաժարվել է լույս սփռել հետևյալ հարցի վրա՝ արդյո՞ք Պուտինը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը՝ չորրորդ ժամկետով աշխարհի ամենամեծ պետության նախագահը դառնալու համար։ Պեսկովը լրագրողներին ասել է, որ «ՌԴ նախագահը մասնակցելու է» 2018 թվականին կայանալիք միջազգային տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին։ Լրագրողները փորձել են հստակեցնել՝ խոսքը գործող նախագահ Վլադիմիր Պուտինի մասի՞ն է։ Այդ հարցին, սակայն, Պեսկովը չի պատասխանել, բավարավելով միայն արձանագրումով, թե «ֆորումին մանսակցելու է Ռուսաստանի նախագահը»:
Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թ․ մարտի 18-ին: Վլադիմիր Պուտինը դեռևս չի հայտարարել այդ ընտրություններին իր մասնակցության մասին: Ռուսական աղբյուրները, հղում անելով Պուտինի շրջապատին, բազմիցս գրել են, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ՌԴ ներկայիս ղեկավարը կհայտարարի առաջիկա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Հենց այդ օրերին է Ռուսաստանի նախագահը հանդես գալու Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով, նաև ավանդական «ուղիղ գծի» շրջանականերում պատասխանելու է ռուսաստանցիների հարցերին:
Տակավին պարզ չէ նաև, թե ինչ սցենարով է Պուտինը առաջադրվելու՝ որպես ժողովրդի՞, թե իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու։ Հայտնի չէ նաև, թե ով է այդ ընտրություններում հանդես գալու որպես Պուտինի հիմնական մրցակից։ Վերջին օրերին շատ է հնչում լրագրող Քսենիա Սոբչակի անումը: Շաբաթ օրը՝ հոկտմեբերի 14-ին BBC-ն հրապակել է տեղեկություն Պուտինի և Սոբչակի միջև սեպտեմբերին կայացած մի հանդիպման մասին։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաստատել է, որ նման հանդիպում տեղի է ունեցել: Քսենիա Սոբչակի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան ասել է, թե Պուտինը նկարահանվել է Անտաոլի Սոբչակի մասին ֆիլմում, որի հեղինակը Քսենիա Սոբչակն է։ Հիշեցնենք՝ Անատոլի Սոբչակը տարիներ առաջ եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը․ նրա ենթակայությամբ այն ժամանակ աշխատել է Վլադիմիր Պուտինը: Այսօր ռուսական աղբյուրները, հղում անելով Սոբչակի մտերիմներին և Ռուսաստանի նախագահի վարչակազմին, գրել են,որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Քսենիա Սոբչակը պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Իր նախագահական հավակնությունների մասին է հայտարարել նաև «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, նա ազատական ընդիմությանն իր անձի շուրջ համախմբվելու կոչ է արել: Նախագահական ընտություններին մասնակցելու մտադրությունից չի հրաժարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին։
ՌԴ Սահմանադրության համաձայն, 65-ամյա Պուտինը կարող է 2018 թվականին 6 տարով նախագահ ընտրվել, սակայն 2024-ին նա այդ հնարավորությունը չի ունենա։