Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ համաձայնագիրն առաջարկում է այն, ինչը Հայաստանին չի տալիս ԵՏՄ-ն․ Քաղաքագետ


Երևան, արխիվ

Մինչև վերջնական ստորագրումը Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակման փաստը ցույց է տալիս, որ կողմերը վճռական են՝ ավարտել գործընթացը, կարծում են հայաստանյան փորձագետները: Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին քաջատեղյակ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ չնայած մինչ ստորագրվելը նման համաձայնագրերի հրապարակումն ընդունված չէ, այդուհանդերձ, այս դեպքում դա ուղերձ է հայաստանյան հանրությանն ու եվրոպական երկրներին:

«ԵՄ-ի հանձնաժողովը և Հայաստանի կառավարությունը դրանով ուզում են ցույց տալ, որ շատ են շահագրգռված հնարավորինս արագ ստորգրման մեջ: Դրանով նաև բոլորին ցույց են տալիս իրենց պատրաստակամությունն ու ցանկությունը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նախապես փաստաթղթի հրապարակումը նաև խնդիր ունի՝ կանխել երրորդ կողմերի, մասնավորապես, Ռուսաստանի հնարավոր շահարկումները, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Վերջնական փաստաթուղթը պատրաստ է, եթե Ռուսաստանն ունի ինչ-որ դիտողություն, թող մեզ բաց ասի: Վաղը ոչ ոք չի կարողանալու ասել, որ թաքուն պրոցես էր, թափանցիկ չէր»,- նկատեց Գրիգորյանը:

Եվրամիության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները կարգավորող այս համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարեսկզբին: Նախատեսվում է, որ փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի կունենա առաջիկա նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների գագաթնաժողովին: Այդուհանդերձ, օրեր առաջ Բրյուսելում Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի մոտ կարծիք է ձևավորվել, թե նոյեմբերին համաձայնագրի վերջնական ստորագրում չի լինի, քանի որ եվրոպական կողմը ներքին ընթացակարգերի պատճառով պատրաստ չի լինի դրան:

«Ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի պատճառով, այլ ցավոք սրտի՝ Եվրամիության կողմից ուշացման հետևանքով համաձայնագիրը պատրաստ չի լինի, եթե նույնիսկ նախագահ Սարգսյանը մասնակցի նոյեմբերի 24-ի գագաթնաժողովին: Փաստաթուղթը պետք է թարգմանված լինի Եվրամիության անդամ բոլոր երկրների լեզուներով, հետևաբար՝ այն գործնականում չի կարող պատրաստ լինել նոյեմբերի գագաթնաժողովին: Ուշացման պատճառներից մեկը համաձայնագրի որոշ կետերի շուրջ Եվրամիության ներսում առկա տարաձայնություններն են ինչն էլ հետաձգեց իրավական վերանայման գործընթացը: Դա էլ ի վերջո երկարաձգեց վերջնական թարգմանությունը, և այս պահին քիչ հավանական է, որ փաստաթուղթը նոյեմբերին պատրաստ կլինի: Այդուհանդերձ այն հավանաբար պատրաստ կլինի ստորագրման տարեվերջին՝ դեկտեմբերին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Անցած ամիս ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է նոյեմբերին ստորագրել համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը «շուտով» ստորագրելու պատրաստակամության մասին Երևանում երկու շաբաթ առաջ հայտարարեց նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Եվրամիության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները կարգավորող համաձայնագիրը շատ օգտակար է Հայաստանի համար, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ փաստաթուղթը ներառում է համագործակցության այնպիսի ոլորտներ, որոնք ներառված չեն ԵՏՄ-շրջանակներում Հայաստանի գործունեության մեջ:

«Այն, ինչ չկա ԵՏՄ-ում, այստեղ կա: Օրինակ՝ ԵՏՄ-ի շրջանակներում նույնիսկ չեն էլ մտածում ավելի լավ կառավարման մասին: Կամ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների դեմ պայքար: Այստեղ [ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում] այդ ամեն ինչը կա, որը շատ կարևոր է Հայաստանի համար: Որո՞նք են փաստաթղթի նախաբանի գլխավոր շեշտադրումները՝ բարեփոխումներ մարդու իրավունքների ոլորտում, ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացում, ռեֆորմներ՝ դատական մարմիններում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

357 էջերից կազմված համաձայնագրի ստորագրումը Հայաստանը կդարձնի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ միակ երկիրը, որը նման մակարդակի համագործակցություն ունի Եվրամիության հետ, ընդգծում է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Բորիս Նավասարյանի կարծիքով էլ՝ հրապարակված փաստաթուղթն ավելի ընդգրկուն է, քան կարելի էր ակնկալել նաև տնտեսական մասով: «Ամենակարևորը, որ այնտեղ Հայաստանի տնտեսությունում մրցակցային դաշտի ձևավորմանն ուղղված բավականին լուրջ դրույթներ կան»,- նշեց Նավասարդյանը:

Ստեփան Գրիոգորյանի խոսքով՝ ստորագրվելիք համաձայնագրի և այդպես էլ կյանքի չկոչված Ասոցացման համաձայնագրի հիմնական տարբերությունը ազատ առևտրի դրույթի բացակայությունն է և մաքսային կարգավորումները: Այդուհանդերձ, Գրիգորյանն այն «բավական հաջող փաստաթուղթ է» համարում Հայաստանի համար: Վերջնական ստորագրումից հետո համաձայնագիրը պետք է նաև վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG