Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը բավական հաջող է Հայաստանի համար։
«Կողմերը կարողացան այդ փաստաթուղթն այնպես կազմել, որ դա փոխլրացման սկզբունքով է աշխատում՝ ինչ չկա Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ, ԵԱՏՄ), ստեղ կա, օրինակ՝ ԵՏՄ շրջանակներում նույնիսկ չեն էլ մտածում ավելի լավ կառավարման մասին, կամ կոռուպցիայի դեմ պայքար, կամ մենաշնորհների դեմ պայքար, ստեղ այդ ամեն ինչը կա, որը շատ կարևոր է Հայաստանի համար», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Այդ գլխավոր ակցենտները, որոնք որ դրված են նախաբանում, որո՞նք են՝ ռեֆորմներ անել մարդու իրավունքների ոլորտում, ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացում, ռեֆորմներ անել դատական մարմիններում, գիտենք՝ այդ պրոբլեմը՝ անկախ չի այդ ինստիտուտը, նաև կան արտաքին քաղաքականության հարցեր»։
Հարցին, թե որո՞նք են երաշխիքները, որ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը դրանք կիրագործի, Գրիգորյանը պատասխանեց. - «Եթե մեր իշխանությունները ստորագրեցին, ուրեմն կամքը կա։ Դա բխում է նաև մեր կառավարության շահերից։ Դա պարտավորեցնում է Հայաստանին, որ եթե դու ստորագրեցիր, դրան պետք է հետևես։ Եթե դու միակողմանի չես կատարելու, պարզ է, որ իրենք դուրս կգան այս ծրագրից, կկասեցնեն այս ծրագիրն ու, ի վերջո, դա կբերի նրան, որ այն ֆինանսավորումը, որ Եվրամիությունից գալիս է, կկտրվի։ Եթե ուզում են, որ կտրվի, թող չանեն, բայց ես Ձեզ հետ համաձայն եմ՝ քանի որ մենք հաճախ չենք հավատում կառավարության քայլերին, բայց այս դեպքում քանի որ պայմանագրում մանրամասն գրված է, ընդհանուր խոսքեր չեն, հասարակությունը, քաղաքական ուժերն էլ ստանում են շանս՝ հետևել, ստիպել կառավարությանը, որ հետևեն։ Ի վերջո, դա շանս է բարելավել իրավիճակը տարբեր ոլորտներում»։
Համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: