Մատչելիության հղումներ

«Թույլ չենք տալու, որ մեր հանրային միջոցները յուրացվեն». Փոստանջյան


«Մենք թույլ չենք տալու, որ մեր հանրային միջոցները յուրացվեն», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության առթիվ օրերս քաղաքապետարանի կողմից որոշ արվեստագետներին նվիրաբերված բնակարաններին։

«Մեր նախընտրական ծրագիրն է նաև դրան միտված, որ պետք է պայքար մղենք կոռուպցիայի դեմ, պայքար մղենք մեր ցանկացած հանրային միջոցի ոչ-արդյունավետ ծախսման և չարաշահման դեմ, և մենք դա էլ անում էինք՝ հայտնում էինք, որ չի կարելի այս պայմաններում, երբ չկա ընթացակարգ, երբ պարզ չէ, թե ինչպես են մարդիկ, նույնիսկ՝ կարիքավոր, նույնիսկ՝ վաստակաշատ, դիմում, և մեկ օրվա մեջ իրենց դիմումը միանգամից բավարարվում է», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Դրան դեմ ենք մենք։ Բազմաթիվ վաստակաշատ մարդիկ կան, որոնք նույնպես կարող է կարիքն ունենան, և պարզ չէ, թե ինչու այդ վաստակաշատ մարդիկ նույն օրը նույն ժամին դիմում չգրեցին, բայց գրեցին այս երեքը, և երկու օր անց իրենց դիմումը միանգամից բավարարվեց»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ հանձնեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին:

Հարցին, թե սկզբունքորեն դե՞մ են, օրինակ, որ Ռուբեն Մաթևոսյանը ստանար բնակարան՝ ժողովրդական արտիստ է, այնուամենայնիվ վաստակ ունեցող երգիչ է, Փոստանջյանը պատասխանեց. - «Սկզբունքորեն դեմ եմ, երբ մեր հանրային միջոցները ըստ իրենց նպատակային նշանակության չեն տրամադրվում։ Ես դրան, այո՛, սկզբունքորեն դեմ եմ»։

Փոստանջյանը նշեց, որ կողմ է առաջնահերթության և արդարության սկզբունքին։ «Մենք պետք է ունենանք սոցիալական բնակարաններ և սոցիալական կարիքավոր մարդկանց ժամանակավոր տրամադրենք այդ բնակարանները։ Հասկանալի է, որ կա նաև առաջնահերթության սկզբունք՝ եթե մարդն ունի տանիք, այդ պահին ապրում է, իսկ մենք տեսանք այդ փաստաթղթերից, որ նա տանիք ունի և ապրում է այդ բնակարանում, հետևաբար՝ նա տանիքից զրկված չէ, իսկ կան հազարավոր մարդիկ, ովքեր բնակարան չունեն, տանիքից զրկված են, ունեն մանկահասակ երեխաներ, այստեղ կա առաջնահերթության և արդարության խնդիր, և հանրային միջոցները, մենք մեր հարկերը, եթե ուզում ենք մեր երկրում լինի սոցիալական արդարություն, ապա այդ միջոցները պետք է տրամադրվեն առաջնային կարիքավորներին», - ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը։

Եթե Տարոն Մարգարյանը կամ այլ անձ ցանկանում է բարեգործությամբ հանդես գալ, թող իրենց այդ դղյակներից մի քանի սենյակ տրամադրեն վաստակավոր գործիչներին, ասաց Փոստանջյանը։

«Եթե ցանկանում էին հանդես գալ որպես բարերարներ, և ոչ թե մեր հանրային գումարները, մեզ պատկանող գումարները, որոնք պետք է առաջնային նպատակներին ծառայեն, նրանց այդ գումարները նվիրեին, նվիրատվության միջոցով նրանց բնակարան տրամադրեին», - ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG