Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հեռանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից


ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը, Փարիզ, 12 հոկտեմբերի, 2017թ.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը, Փարիզ, 12 հոկտեմբերի, 2017թ.

Իսրայելը հետևում է Միացյալ Նահանգների օրինակին:

Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռել է լքել ՄԱԿ-ի Գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի տարեվերջին: Վաշինգtոնն այս որոշումն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի «հակաիսրայելյան կողմնակալության» պատճառով:

Պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը երեկ ասել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում ամերիկյան ներկայացուցչությանը կփոխարինի «դիտորդական առաքելությունը»:

Խոսնակի փոխանցմամբ՝ դյուրին չէր այդ որոշման ընդունումը․ վճիռը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում:

Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս է ընդգծել ամբողջ Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխման անհրաժեշտության մասին: Կան և՛ քաղաքական, և՛ նյութական խնդիրներ:

Միացյալ Նահանգները հսկայական միջոցներ է տրամադրել ՄԱԿ-ին և դրան կից հաստատություններին՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Սակայն դեռ նախորդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք՝ 2011 թվականին, Ամերիկան դադարեցրել է ՄԱԿ-ի գիտական և մշակութային կազմակերպության ֆինանսավորումը:

Օբաման որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Պաղեստինը դարձել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդմա: Այնուամենայնիվ Միացյալ Նահանգները պահպանել էր իր առաքելության գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնական-համալիրում: Այս անգամ որոշումն ավելի կոշտ է, և խնդիրը վերտին առնչվում է արաբ - իսրայելյան հակամարտությանը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակաիսրայելյան դիրքորոշումը երկարատև պատմություն ունի և փաստերով է ապացուցվում, ուստի, Միացյալ Նահանգները որոշեց դուրս գալ կառույցից», - ասել է Նաուերթը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիս Հեգադորնն ասել է, որ կա երկու դրդապատճառ․ նախ Պաղեստինի անդամակցությամբ պարտքեր են կուտակվել, և «այդ բեռն այլևս հնարավոր չէ կրել»:

«Երկրորդ հարցն այն է, որ կառույցը շատ է քաղաքականացված, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին: Դա դարձել է հակաիսրայելյան քարոզի կենտրոն: Դժբախտաբար, դա ստիպել է մեզ հեռանալ ՅՈՒՆԵՍԿՈ-ից», - ասել է հավատարմատարը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բնականաբար, ցավով է ընդունել ամերիկացիների որոշումը, քանի որ ԱՄՆ-ի նման գերտերության հեռանալը կազմակերպությունից ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով է խիստ անբարենպաստ:

«Ես պետք է ափսոսանս հայտնեմ: Հիշում եմ իմ իսկ խոսքը 2011-ին, երբ տեղեկացա, որ Վաշինգտոնը դադարեցնում է ֆինանսավորումը: Ես այն ժամանակ ասացի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է Ամերիկային, իսկ Ամերիկան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին», - Փարիզում ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Իսրայելը ողջունել է ամերիկացիների որոշումը և հայտարարել է, որ նույնպես հեռանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Մի շարք պետություններ, մինչդեռ, ափսոսանքով են արձագանքել այդ որոշմանը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն է գիտության, կրթության և մշակույթի միջոցով առաջ տանել միջազգային համագործակցության գաղափարները, նպաստել քաղաքակրթությունների փոխըմբռնմանը, պաշտպանել խաղաղությունը և իրագործել ընդհանուր զարգացումը: Չինաստանը ակտիվորեն աշխատելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ում», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նույնպես ափսոսանք է հայտնել ամերիկացիների որոշման կապակցությամբ, բայցև պնդել է, թե համոզված է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG