Վրաստանի խորհրդարանը հավանություն տվեց երկրի նոր Սահմանադրությանը՝ հաղթահարելով նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը այսօր կայացած արտակարգ նիստում հաղթահարեց նախագահի վետոն և հավանություն տվեց երկրի նոր Սահմանադրությանը: Խորհրդարանը մերժեց երկրի մայր օրենքում լրացումներ կատարելու մասին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջարկը և ընդունեց փաստաթղթի նախնական տարբերակը:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չմասնակցեցին քվեարկությանը՝ փոխարենը նիստերի դահլիճում տեղադրելով «Ոտնահարված Սահմանադրություն» գրությամբ պաստառ:
Նախագահի վետոն խորհրդարանը քննարկեց ավելի քան 5 ժամ․ նոր Սահմանադրությանը կրկին կողմ է քվեարկել իշխող մեծամասնությունը՝ «Վրացական երազանք» կուսակցությունը:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ զգալիորեն ընդլայնվում են խորհրդարանի լիազորությունները: Փաստաթուղթը, մասնավորապես, օրենսդիրներին իրավունք է տալիս պաշտոնանկ անել նախագահին, վարչապետին նախարարներին, ինչպես նաև Գերագույն դատարանի անդամներին և Գլխավոր դատախազին: