Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի հանրային պաշտպանի լիազորությունները դադարեցվեցին


Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ

Սեֆիլյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Տևական ժամանակ դատարանից հեռացված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն այսօր մասնակցեց ողջ դատավարությանը․ դատավորն այս անգամ նրան չհեռացրեց նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու համար, այլ բավարարվեց միայն նախազգուշացմամբ։

Նույն գործով անցնող Գևորգ Սաֆարյանը, սակայն, այսօրվա դատական նիստին երկու անգամ հեռացվեց նիստերի դահլիճից՝ առանց ոտքի կանգնելու տեղից ելույթ ունենալու համար։

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր դատարանին փոխանցեց Սեֆիլյանի հայտարարությունն այն մասին, որ այսուհետ նրա պաշտպանները Սեֆիլյանի բացակայության ժամանակ չեն հեռանա նիստերի դահլիճից, այլ կշարունակեն նրա պաշտպանությունը։

Հիմք ընդունելով Սեֆիլյանի այդ հայտարարությունը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դադարեցրեց նրա համար նշանակված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի լիազորությունները։

Դատական նիստը շարունակվեց, և փաստաբան Տիգրան Հայրապետյանը ինքնաբացարկ հայտարարեց դատավորին՝ հայտարարելով, թե նա անաչառ չէ և չի կարող քննել այս գործը։

Տաթևիկ Գրիգորյանը մերժեց թե՛ այս, թե՛ Սեֆիլյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունները:

Այսօր դատարան էր կանչվել վկա Աշոտ Պետրոսյանն, ով հայտարարեց, որ ինքն արդարության մարտիկ է, Սեֆիլյանն իր համար ազգային հերոս է։ Նա պատմեց, որ գիշելու տեղ չունենալով, չորս ամիս գիշերել է Սեֆիլյանի ղեկավարած կազմակերպության գրասենյակում: 2015-ին, երբ ոստիկանները խուզարկել էին գրասենյակը, Պետրոսյանին տարել էին ոստիկանություն:

Պետրոսյանն ասաց, որ կասկածներ ունի, թե գրասենյակում հայտնաբերված մահակները ոստիկաններն իրենց հետ էին բերել:

Վկա Պետրոսյանը հայտարարեց, թե հոգեկան խնդիրներ ունի, հոգեմետ դեղեր է օգտագործում: Նա պատմեց, որ երկու տարի առաջ քննիչն իրեն հարցաքննել է 19 ժամ, ինչի հետևանքով ինքը զրկված է եղել դեղեր օգտագործելու հնարավորությունից:

Վկան պնդեց, որ Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ անելու կոչեր չի հնչեցրել, իսկ ինքը միայն մասնակցել է նրանց կողմից կազմակերպած հանրահավաքներին։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, որոշակի հակասություններ գտնելով նրա ցուցմունքների մեջ, հրապարակեց նախաքննական ցուցմունքը։ Վկա Պետրոսյանն ասաց, որ դա ինքը չի գրել․ - «Սրիկաներ են դրանք՝ բառիս բուն իմաստով: Կարող ա յուրաքանչյուր մարդու գլխին նենց բան սարքեն, որ․․․»

Սեֆիլյանի փաստաբանը միջնորդեց դատավորին դիմել գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու հոգեկան հիվանդ վկային ավելի քան կես օր հարցաքննելու համար, ինչի պատճառով նա չի կարողացել իր դեղերն ընդունել։ Միեւնույն ժամանակ, փաստաբանը դատավորին խնդրեց պարզել, թե որ հոգեբուժական դիսպանսերում է հաշվառված վկան և ինչ հիվանդություն ունի։ Դատավորը մերժեց այս երկու միջնորդություններն էլ։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի: Գործով անցնող 14 վկաներից մինչև այժմ դատարանում հարցաքննվել է 12-ը, մյուսներն այսօրվա նիստին չէին ներկայացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG