Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը անորոշ է մնում


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը շարունակում է անորոշ մնալ: Թուրքական պատկան մարմինները կարծես չեն շտապում հաստատել նոր պատրիարքի ընտրությունների անցկացման ամսաթիվը:

Օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին:

Ստամբուլի նահանգապետարանը, սակայն, մինչ օրս չի արձագանքել այս դիմումին, չնայած ակնկալվում էր, որ պատասխանը պետք է տրվեր մինչև հոկտեմբերի 9-ը: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, անցած շաբաթ պատրիարքարանում տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգող Նախաձեռնող խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլի մասնակցությամբ մամլո ասուլիսի ժամանակ Ասլանգիլը պարզաբանել է՝ դիմումի պատասխանին հավանաբար ևս երկու ամիս կսպասեն, իսկ մինչ այդ կշարունակեն նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ, տեղապահ Բեքչյանը «Ակօս»-ի հետ զրույցում նշել էր, որ Նախաձեռնող խումբը արդեն նամակներ է ուղարկելՊոլսո Հայոց պատրիարքի աթոռին հավակնելու իրավունք ունեցեղ 11 հոգևորականներին: Անդրադառնալով համայնքում առկա մտավախություններին, թե թուրքական իշխանությունները ձգձգում են պատրիարքի ընտրության գործընթացը, Բեքչյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ ընտրություններն անպայման կայանալու են:

Մինչ համայնքում սպասում են, թե թուրքական իշխանությունները երբ կանաչ լույս կվառեն պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար, խնդրի շուրջ ներհամայնքային կրքերը թեժանում են: «Պետությունը լռում է, Շիրինօղլուն՝ խոսում», - այսպիսի գլխագրով է լույս տեսել «Ակօս» պարբերականի այս շաբաթվա համարը, որտեղ անդրադարձ կա Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցի շուրջ առաջացած հակասություններին: Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե խնդիրը չի հանգուցալուծվում, քանի որ պետությունը չի ճանաչում տեղապահ Բեքչյանին: Նրա խոսքով՝ այդ մասին իրեն հայտնել են հենց իշխանությունները:

Ի պատասխան, տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նշել է, թե պետական մարմիններից Շիրինօղլուի պնդումն արտահայտող պաշտոնական որևէ գրություն չեն ստացել: «Մենք առաջնորդվել ենք ներքին կանոնադրությամբ և ոչ մի սխալ չենք արել», - ասել է Բեքչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG