Մատչելիության հղումներ

Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում


Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև, Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016թ․

Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնևում, այս մասին այսօր իշխող Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասաց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում կուսակցության և երկրի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների նիստից: Նաև հպանցիկ անդրադարձանք հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորը։

Աշոտյանն ընդգծեց, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այդուհանդերձ, Հայաստանի նախագահը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել էր Ադրբեջանի ղեկավարը:

Ի պատասխան Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել էր. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև»։

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար պետք է վերականգնել հարևանների հանդեպ ապրիլյան պատերազմից առաջ ունեցած թեկուզ թույլ հավատի թելերը: «Բանակցային գործընթացը շունակվում է, բայց այս փուլում առավել կարևոր է այդ գործընթացի մեջ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա առավել լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա»։

Երեկ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Սոչի էին ժամանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները, այդուհանդերձ, Սարգսյան-Ալիև հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ: Իշխող ուժի փոխնախագահն ասաց, որ Ռուսաստանում հանդիպում չի եղել, քանի որ նման հանդիպումը պարզապես նախատեսված չէր:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG