Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի գնահատականը


Հայաստան -- Տեքստիլ գործարան Երևանում, 5-ը հոկտեմբերի, 2017թ․

Հայաստանը 2017 թվականին կունենա ավելի մեծ տնտեսական աճ, քան նախկինում կանխատեսվում էր, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկար» զեկույցում:

Հիմնադրամը Հայաստանում 3.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում՝ վերանայելով հուլիսին իր իսկ տրված 2.9 տոկոս աճի մասին գնահատականը: ԱՄՀ-ն նշում է, որ հավելյալ աճի հիմքում ընկած են արտերկրից հայաստանցիների ուղարկած տրանսֆերտների ծավալների աճը և պղնձի բարձր գները:

Տրանսֆերտների առյուծի բաժինը Հայաստան է ուղարկվում արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած հայաստանցիների կողմից: Ռուսաստանը նաև Հայաստանի համար առաջին առևտրային գործընկերն է, և այն, որ այդ երկրի տնտեսությունը անցած երկու տարիներին անկում էր ապրում, բացասաբար էր անդրադարձել նաև Հայաստանի տնտեսության վրա:

«Երկու տարվա տնտեսական անկումից հետո 2017 թվականին Ռուսաստանում կանխատեսվում է 1.8 տոկոս տնտեսական աճ, ինչը տեղի է ունեցել նավթի գների կայունացման, ֆինանսական պայմանների բարելավման և տնտեսության նկատմամբ վստահության վստահության աճի շնորհիվ», - նշում է ԱՄՀ-ն՝ դրանով պայմանավորելով նաև Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ իր գնահատականները:

Հայաստանի կառավարությունն ավելի լավատես է․ իշխանությունները ևս վերանայել են իրենց նախկին գնահատականները՝ տարեսկզբին հայտարարված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն կանխատեսելով 4.3 տոկոս աճ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս ավելի հակված է ընդունելու Հայաստանի իշխանությունների գնահատականները՝ հաշվի առնելով մինչ այժմ արձանագրվող միտումները:

«Մենք արդեն հասկանում ենք, որ հունվար – օգոստոս ամիսներին ամփոփված տվյալներով մեր տնտեսական աճը կազմում է մոտ 5.5 տոկոս: Ավելի հավանական է, որ մենք 4.3 տոկոսին մոտ կլինենք», - ասում է տնտեսագետը: - «Մենք պետք է ամրագրենք, որ եթե 2016-ին կային մի շարք բացասական զարգացումներ՝ Ռուսաստանի Դաշնության [տնտեսական վատ վիճակը], պղնձի ցածր գինը, հենց արտաքին շուկաների լավ ազդակների շնորհիվ 2017-ը ավելացել է»:

Հաջորդ՝ 2018 թվականի համար Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը միայն 2.9 տոկոսի կանխատեսում է տալիս:

«Միջազգային այս կառույցը կարծես թե մատնացույց է անում, որ այդ տնտեսական աճը պայմանավորված չէ ներքին աշխուժությամբ, այլ ավելի շատ արտաքին դրական ազդակների՝ ինչպիսին Ռուսաստանից եկող տրանսֆերտները, պղնձի գների աճը: Ցավոք, մեր տնտեսական աճը չունի որակական հենք», - պարզաբանում է Արտակ Մանուկյանը:

Արդյո՞ք 2017 թվականի տնտեսական աճը գգում են նաև քաղաքացիները․ տիկին Ժաննան, ով Երևանում բանջարեղենի փոքրիկ կրպակ է աշխատեցնում, ասում է՝ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հայտարարվող տնտեսական աճը ո՛չ ինքն է զգում, ո՛չ իր հաճախորդները: - «Մարդիկ ընդհանրապես փող չունեն, թանկանոց բան ընդհանրապես չես կարա ծախես․․․ պըտի բերես էժան խնձորներ, էժան խաղող․․․ ամեն ինչը էժան, որ մարդիկ կարողանան առնեն», - պատմում է նա, - «Իսկ էն տարիներին ես բերում էի Գորիսի լոբի՝ 1500, կարմիր լոբի՝ 1500՝ մեշոկներով․․․ հիմա հինգը կիլո բերել եմ՝ ամսով պըտի ծախեմ: Բացարձակ փող չունեն մարդիկ»:

Երևանի փողոցներում էլ փոքրիկ հարցումը ցույց տվեց՝ տնտեսական աճը մարդկանց համար զգալի չէ, փոխարենը զգալի են օր-օրի աճող գները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG