Մատչելիության հղումներ

Մարինա Խաչատրյան․ Կոչումը մերժելով նրանք կարող էին իրենց ընդդիմադիր ձայնը բարձրացնել


Ի կատարումն Երևանի ավագանու երեկվա որոշման՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր բնակարանի բանալիներ հանձնեց երգիչ Ռուբեն Մաթևոսյանին, դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանին և բալետի պարող Սևակ Ավետիսյանին։

Բնակարանով պարգևատրված երևանցիներից «Ազատությունն» այսօր հետաքրքրվեց, թե ինչպես են գնահատում ավագանու նիստերի ժամանակ տիրող մթնոլորտն, իշխանական ու ընդդիմադիր ուժերի անդամների պահվածքը։

Հարցին, թե արդյոք նորմալ է համարում բնակարան ստանալ այն մարդկանց որոշմամբ, ովքեր միմյանց հասցեին հաճախ են հնչեցնում անպարկեշտ արտահայտություններ, Ռուբեն Մաթևոսյանն արձագանքեց, թե բնակարան ստացել է իր վաստակի համար․ - «Նախ ես ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին շատ բարյացակամ լինելու համար իմ պարագայում: Ես բոլորովին չեմ լսում այն մարդկանց խոսքերը, ով Հայաստանին կարող են խայտառակել Եվրոպայում: Ինձ հետաքրքիր չեն այն մարդիկ»:

Երեկ ավագանու նիստին կրքերը լարվեցին հենց բնակարան նվիրաբերելու թեմայի շուրջ։ Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները պարգևատրվում են «անարդարությունների դեմ չպայքարելու և լռելու համար»․ - «Ստացել եք վաստակավոր արտիստի կոչում արյունոտ և պատերազմը պարտված ձեռքերից: Եվ հիմա էլ ուզում եք ստանալ բնակարան Երևանը քանդող, աղտոտող ձեռքերից»:

Ավագանու ընդդիմադիր անդամի այս հայտարարությունը բորբոքեց ՀՀԿ-աններին, և քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը կոշտ արձագանքեց՝ «Ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի և մեր վաստակի ու աշխատանքի հանդեպ, հաշիվ տվեք ձեզ»։

Սա երեկվա ավագանու նիստի ընթացքում եղած լեզվակռվի միակ դրվագը չէր։ Երևույթի մասին «Ազատությունը» զրուցեց նաեւ բնակարանով պարգևատրված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի հետ։

«Գուցե նա արժանի ա՞: Ինչո՞ւ եք նայում, թե մարդիկ ոնց են միկնոֆոններով խոսում, ինչ են արտահայտում: Մարդուն կարող ա զզվեցնես, ու նա քեզ հայհոյի: Ի՞նչ մթնոլորտ, քաղաքապետարանի մթնոլորտ ա, ամեն օրվա մթնոլորտ ա․․․ Ինչի» մասին ա խոսքը․ քաղաքապետարանում բա՜րձր են խոսել․․․ Քիչ են ասել: Ես չգիտեմ ինչ են ասել, բայց ափսոս ընտեղ չեմ էդել», - ասաց նա:

Ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացու կոչման երեկ արժանացան կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հաղորդավար Նառա Շլեպչյանն ու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, որ կոչումներն ու պարգևները շնորհվում են ծառայության դիմաց, ավագանու կազմում անելիք չունեն․ - «Եթե էդ մարդիկ աշխարհացունց մեր ձայները լռություն են համարում, իսկ իրենց ճղճղոցը համարում են ձայն հանել, այդտեղ ես ասելիք չունեմ: Ես կարծում եմ, որ արժանի պատասխան ստացել են փոխքաղաքապետի կողմից»:

Հիշեցնեմ, ավագանու սեպտեմբերի 12-ին նիստում, որը ևս պակաս լարված չէր անցել, քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կոչ է արել բոլորին հարգել միմյանց։

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ այսօր ասաց՝ նիստերը նման են շուկայի, որտեղ քննարկվում են միայն առուծախի ու նվերներ տալու հարցեր։

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի կողմից հնչեցված հայհոյանքին, ապա Խաչատրյանն ասաց․ - «Ես խղճում եմ նրան: Նա խղճուկ, խեղճ մարդ է, որովհետև իսկական տղամարդը առաջին հերթին նման արտահայտություններ իրեն թույլ չի տա: Երկրորդ հերթին, եթե նույնիսկ նա ասել է, ապա պարտավոր է հիմնավորումներ ներկայացնել և չհրաժարվել իր խոսքերից»:

Խաչատրյանը նաև վստահեցրեց, որ պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մարդկանց իրենք գնահատում են, տպավորությունը սխալ է եղել․ - «Նրանք այնքան կոչումների են արժանացել, նրանք ունեն ժողովրդի սերն ու հարգանքը, նրանց պետք չէ այդպիսի կեղտոտ կոչում: Միայն այդ կոչումը մերժելով նրանք կարող էին իրենց ընդդիմադիր ձայնը բարձրացնել, ասել, որ՝ մենք դեմ ենք, որ դուք քաղաքը քանդեք և մեզ էլ մյուս ձեռքով կոչում տաք»:

Արձագանքելով հարցին, թե արդյոք «Երկիր Ծիրան»-ի անդամները պատրաստվում են ավագանու ՀՀԿ-ական անդամներից պատիվ պահանջել դատարանում, Մարինա Խաչատրյանը նախընտրեց չբացահայտել իրենց ապագա ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG