Մատչելիության հղումներ

Ապագա վարչապետը, որպես գերագույն հրամանատար, ավելի քիչ լիազորություններ կունենա


Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, արխիվ
Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, արխիվ

Հաշվի առնեով, որ Հայաստանը պետական կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական համակարգի, ապա օրենքով պետք է կարգավորվի նաև երկրի գերագույն հրամանատարի լիազորությունների հարցը:

Ըստ խորհրդարանում արդեն շրջանառության մեջ դրված «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագծի, 2018 թ․ ապրիլից հետո Հայաստանի գերագույն հրամանատարն է հանդիսանալու վարչապետը, սակայն պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշումը կայացնելու է Ազգային ժողովը՝ կառավարության առաջարկությամբ: Նկատենք՝ գործող օրենսդրությամբ, նման առաջարկով հանդես գալու լիազորությունը վերապահված է երկրի նախագահին:

Օրինագծի համաձայն, եթե Ազգային ժողովի նիստ գումարելը դառնում է անհնարին, ապա միայն այդ դեպքում պատերազմ հայտարարելու հարցը կարող է որոշել վարչապետը: Ընդ որում՝ եթե ներկայումս Հայաստանի վրա զինված հարձակման դեպքում նախագահն է ռազմական դրություն հայտարարում և զորահավաքի մասին որոշում կայացնում, ապա առաջարկվող նախագծով այդ լիազորությունը ոչ թե ուղղակիորեն տրվում է վարչապետին, այլ վերապահվվում է կառավարությանը: Կառավարությունն է հայտարարում ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք իրականացնում, զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնում և Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին:

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով՝ զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո: Զինուժի ղեկավարումը թեև իրականացնում է պաշտպանության նախարարը, սակայն անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին, այսինքն՝ վարչապետին: Ընդհանուր առմամաբ, կարելի է ասել, որ այս օրինագծով, առնվազն պաշտպանական ոլորոտում, գերագույն հրամանատար վարչապետը զրկված է լինելու այն ուղղակի լծակներից, որոնք ունի այսօրվա նախագահը:

Արդյո՞ք օրենքի այս նախագիծը մշակելիս իշխանությունները հաշվի են առել 2018-ի ապրիլից հետո տեղի ունենալիք զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, իսկ խորհրդարանը կընտրի վարչապետ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախկին անդամ Թևան Պողոսյանը շեշտում է՝ այս օրենքով փորձ է արվում որոշումների կայացման հնարավորությունը չկենտրոնացնել մեկ անձի ձեռքում և հարցերը լուծել կոլեգիալ սկզբունքով: Բայց, իհարկե, իրական կյանքն ու գրված տեքստերը միշտ չէ որ համապատասխանում են միմյանց, բնականաբար՝ իշխանությունն այս կամ այն օրենքը ընդունելիս հաշվի է առնում իր շահերը, նկատում է Պողոսյանը:

«Թիմային որոշում պետք է լինի, և հենց դա է պառլամենտականի գլխավոր խնդիրը: Տեքստում այդպես է գրված: Նույնիսկ այսօրվա դրությամբ եթե նայենք մեր Սահմանադրությանը, իրական ուժային լծակները, որոնք վերապահված են նախագահի պաշտոնին, դրանք պաշտպանության [ոլորտի] և օրենքները կյանքի կոչող օղակների հանդեպ իր միանձնյա որոշումներն են ապահովում: Ոստիկանություն, ԱԱԾ, Դատախազություն և այլ օղակներ: Շատ ավելի լավ է, որ դրանք լղոզվում են, և դրանց հետ կապված պետք է թիմային որոշումներ կայացվեն, ինչը նշանակում է, որ թիմային որոշումը կարող է ավելի լավը լինել:

Մենք միշտ պայքարել ենք, որ նախագահի ձեռքում բոլոր լծակները չլինեն: Ավելի լավ է, որ չենք ստանալու ֆիկտիվ երկրորդ նույն մոդելը, որտեղ նույն մարդու ձեռքում են լինելու [լծակները]: Մի բան այսօր պետք է ճիշտ հասկանանք՝ հաջորդ ապրիլից հետո մեր իրականության մեջ շատ բան է փոխվելու թե ոչ, դա նաև կախված կլինի այն բանից, թե ինչ դասավորվածություն կլինի, ով է գնալու այդ [վարչապետի] պաշտոնին»,- ասաց Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյան, արխիվ
Թևան Պողոսյան, արխիվ

«Ազատություն»- Դուք կարծում եք, որ վարչապետին հզոր լծակներ չեն տրվում և լիազորությունները լղոզվում են հանուն ժողովրդավարությա՞ն, թե այս օրինագծով պարզ է դառնում, որ իշխող Հանրապետականը գիտի՝ ինչ է տեղի ունենալու ապրիլի 9-ից հետո և ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

Թևան Պողոսյան- Այսպես թե այնպես, ամենաշատ տեղեկացվածը ՀՀԿ վերնախավի անդամները կարող են լինել: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել:

«Ազատություն»- Եթե Սերժ Սարգսյանի կողմից ի վերջո որոշում կայացվի՝ երկարաձգել իր իշխանությունը վարչապետի պաշտոնում, դա Հայաստանի ժողովրդավարությանը կվնասի՞, թե ոչ:

Թևան Պողոսյան- Սերժ Սարգսյանն այն մարդն է, ով ոնց որ թե ասել է, որ ինքը չի ցանկանում կամ համարում է սխալ, որ լինի [վարչապետ]: Իրեն ամեն օր հիշեցրեք այդ մասին, ես ի՞նչ ասեմ:

«Ազատություն»- Անընդհատ հիեցնելն ինչ-որ բան կփոխի՞:

Թևան Պողոսյան- Չի փոխի, եթե անգամ ինքը չլինի [վարչապետ]: Սերժ Սարգսյանը կարող է շատ տարբեր սցենարներ մշակել և կյանքի կոչել: Օրինակ՝ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը, ինչպես Արցախում ասաց, պաշտպանական ոլորտի որևէ կարևոր պաշտոն [կստանձնի]․․․մի քանի ամիս հետո, որևէ ֆորսմաժորային իրավիճակում, Ազգային ժողովի մեծամասնությունն էլ որոշի, որ փոխում է վարչապետին: Չէ՞ որ վարչապետին իրենք են նշանակում և հանում: Այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու:

«Ազատություն»- Դուք ավելի հավանական եք համարում, որ Սերժ Սարգսյանը Մելիք-Ադամյան փողոցի՞ց (որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնակայանը) կփորձի վերահսկել բոլոր քաղաքական գործընթացները, թե՞ ի վերջո որոշակի առանցքային պաշտոն կզբաղեցնի:

Թևան Պողոսյան- Ինքն ունի նաև այդ հնարավորությունը, և սցենարների ընտրությունն այսօր դժվար է կանխատեսել: Ուղղակի անիմաստ է, որովհետև այն, թե ՀՀԿ-ն ինչպես կօգտագործի իր ազդեցությունը, ինչ սցենարով, միանգամի՞ց, թե ինչ-որ ժամանակ հետո, կախված է հազար ու մի պայմանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG