Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելուն վերաբերող հանձնարարական տվեց:
Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և Հայաստանի տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալները խթանելու անհրաժեշտությունը՝ Կարապետյանը հանձնարարեց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների Հայաստան ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: