Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Սարգսյան-Ալիև հանդիպումը «կոշտ չէր կապում» երեկ Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի հետ։
«Այո՛, խոսվում էր, որ մոտ ժամանակներս պետք է հանդիպեն, բայց կոշտ չէի կապում, որ անպայման հիմա պետք է հանդիպեն, կամ չհանդիպեն։ Միգուցե հանդիպե՞ն, մենք կիմանանք, բայց որքան հասկացա, չեն հանդիպել՝ գոնե ԱՊՀ երկրների գագաթնաժողովում», - ասաց քաղաքագետը։
Գրիգորյանը միանշանակ ճիշտ է համարում բանակցային գործընթացի վերսկսումը, միևնույն ժամանակ այստեղ խոչընդոտներ է տեսնում։
«Այն պահից հետո, երբ հայկական կողմը համաձայնություն է տալիս հանդիման, ադրբեջանցիք սկսում են կրակել, սպանում են մեր զինվորներին, ու երկրորդը՝ սկսում են ինչ-որ հայտարարություններ անել, որոնք կա՛մ անհեթեթ են, կա՛մ պրովոկացիոն են՝ սադրիչ։ Այստեղ նորից կրկնվեց՝ երկու օր առաջ Ալիևն իրենց կառավարության առջև հայտարարություն արեց Ղարաբաղի մասին, անհեթեթ հայտարարություն արեց, ու իրենք նորից կրակեցին, ու այս անգամ ոչ թե շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։ Ես սա կապում եմ Սոչիում հնարավոր հանդիպման հետ, որն ինչքան հասկացա համաձայնեցված է՝ հիմա Սոչիում կհանդիպեն, կամ մի քիչ ավելի ուշ, բայց հստակ է։ Դա նշանակում է, որ ադրբեջանցիների հետ ուղղակիորեն պայմանավորվելը վտանգավոր է, կանխատեսելի բացասական քայլեր են։ Միանշանակ համարում եմ, որ ճիշտ է համաձայնել, հանդիպել, փորձ անել, որ վերսկսել բանակցային պրոցեսը, բայց մյուս կողմից դու տեսնում ես, թե ում հետ գործ ունես», - ասաց քաղաքագետը։