Թուրքմենստանի բնակիչները նոյեմբերի 1-ից, առաջին անգամ վերջին 24 տարիների ընթացքում, կսկսեն կոմունալ ծախսերը հոգալ սեփական գրպանից:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրամանագրով երկրի կառավարությունը հաջորդ ամսից դադարեցնելու է բնակչությանը բոլոր տեսակի պետական դոտացիաների հատկացումը:
«Ես կողմ եմ կոմունալ վճարումների փուլային ներդրմանը, ինչը հնարավորություն կտա ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերել երկրի բնական պաշարների հանդեպ», - հայտարարել է Բերդիմուհամեդովը:
Թուրքմենստանի բնակիչները գազի, ջրի և էլեկտրաէներգիայի վճարումներից ազատվել էին 1993 թվականին` երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի կողմից: Վերջին շրջանում, սակայն, համաշխարհային շուկայում էներգակիրների գնի կտրուկ անկումը ստիպել է պաշտոնական Աշգաբատին վերանայել ավելի քան 20 տարի գործած այս պրակտիկան: