Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով մեղադրյալ Պողոսյանը չի դադարեցնի հացադուլը․ Փաստաբան


Ներսես Պողոսյանը դատարանում, արխիվ
Ներսես Պողոսյանը դատարանում, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը չի դադարեցնի հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել նրա պահանջները: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

12 օր առաջ հացադուլ հայտարարած Պողոսյանը երեք պահանջ է ներկայացրել գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին՝ թույլատրել դատավարության տեսանկարահանումը, դատարանում իրեն «արա»-ով դիմած մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հեռացնել գործի քննությունից և իրեն ազատել կալանքից։ Պողոսյանը հացադուլի մասին հայտարարեց սեպտեմբերի 29-ին կայացած դատական նիստում այն բանից հետո, երբ դատավորը մերժեց նրան ազատ արձակել գրավի դիմաց։ Ներսես Պողոսյանը, որպես բողոքի նշան, հրաժարվել է ոչ միայն սննդից, այլև բուժօգնությունից։

Փաստաբան Պապիկյանը երկու օր առաջ է բանտում տեսակցել ավելի քան մեկ տարի կալանքի մեջ գտնվող իր պաշտպանյալին: Ասում է՝ երիկամների և տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող Պողոսյանն օր օրի հյուծվում է՝ ցածր է արյան ճնշումը, գլխապտույտներ ունի։ «Ես չէի ցանկանա իր բառերը կրկնել, բայց ինքը մոտավորապես այսպես ասաց՝ եթե «Հաց բերող» Արթուրի դեպքում իրենք մարսեցին, իմ դեպքը չեն մարսելու»:

Մինչդեռ, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ներսես Պողոսյանի առողջական վիճակը բավարար է, նրան տեղափոխել են հացադուլավորների համար նախատեսված խուց։ Քանի որ Պողոսյանի պահանջները դատավորն անցած շաբաթ մերժել է, արդյո՞ք դա հիմք չէ ենթադրելու, որ այդ ծայրահեղ քայլն արդյունք չի տա, «Ազատության» այս հարցին ի պատասխան, փաստաբան Պապիկյանը նշեց, թե իր պաշտպանյալն անդրդվելի է: «Ինքը նույնիսկ չուզեց լսել հացադուլը դադարեցնելու իմ հորդորը, ասաց՝ վճռական եմ և որքան առողջությունս հնարավորություն կտա, պիտի շարունակեմ»,- պատմեց փաստաբանը:

Կալանքի մեջ գտնվելու ընթացքում Պողոսյանն արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել: Առաջին անգամ այն տևեց մոտ մեկ ամիս, երկրորդ անգամ՝ 7 օր: Նրա հարազատներն անգամ դատախազության ներկայացուցիչների հետ էին հանդիպել, նրանց խոստացել էին օգնել այս հարցում, բայց ապարդյուն։

Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Սեֆիլյանը, չի ընդունում մեղադրանքը, որի հաստատման դեպքում Պողոսյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG