Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսն այսօր ասել է, որ Վաշինգտոնը տակավին բացատրություններ է ակնկալում Անկարայից՝ հյուպատոսարանի թուրք աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ:
Բասսը ասել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգները բնավ չի ցանկանում վատթարացնել ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները:
«Դժբախտաբար, Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից առայսօր պարզաբանում չի ստացել մեր աշխատակիցների ձերբակալության հարցում»,- ասել է դեսպանը:
Միացյալ Նահանգները սառեցրել է Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումն, այն բանից հետո, երբ Թուրքիայի ոստիկանությունը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցներին:
Թուրքիան, իր հերթին, դադարեցրել է վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների քաղաքացիներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, թե այլևս չի ճանաչում Բասսին որպես դեսպան:
Թուրքիան Ամերիկայից պահանջում է արտահանձնել կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին, ով, ըստ Անկարայի, անցյալ տարվա հուլիսյան ձախողված հեղաշրջման գաղափարախոսն է և կազմակերպիչը:
ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը կտրականապես հերքում է Անկարայի ներկայացրած մեղադրանքը: