Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ռուսաստանի նկատմամբ սահմանել առավել խիստ պատժամիջոցներ և ստեղծել Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների հարաբերությունների սերտացման մեխանիզմ:
Հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն է տվել առաջարկություններին, որոնք կներկայացվեն նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քննարկմանը: Բրյուսելում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հանդիպելու են Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներին:
Հանձնաժողովի կազմած առաջարկությունները պարտադիր ուժ չունեն, սակայն անմիջապես գագաթնաժողովի նախօրեին Եվրախորհրդարանը լիագումար նիստում պետք է հավանություն տա փաթեթին:
Հանձնաժողովը հորդորում է կազմել «Արևելյան գործընկերություն-պլյուս» ձևաչափով երկարաժամկետ գործողության ծրագիր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնությունները կնքած երկրների համար:
Այն ենթադրում է «մաքսային, էներգետիկ և թվային միությանն ու Շենգենի գոտուն անդամակցելու հեռանկար»:
Բացի այդ, հանձնաժողովը կոչ է անում անհապաղ ձեռնարկել որոշ միջոցներ, մասնավորապես՝ տրամադրել սակագնային արտոնություններ, սահմանել Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության միջև ռոումինգը վերացնելու հստակ ժամանակացույց, մշակել բարձր հզորության լայնաշերտ կապ:
Ասոցացման պայմանագիրը, որը ներառում է նաև ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր, ստորագրել են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: