Մատչելիության հղումներ

Կատալոնիայի նախագահը հետաձգեց անկախության հռչակումը


Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնը ելույթ է ունենում Կատալոնիայի խորհրդարանի առջև, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ.
Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնը ելույթ է ունենում Կատալոնիայի խորհրդարանի առջև, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ.

«Կատալոնիան նվաճել է անկախ պետություն լինելու իրավունքը, սակայն անհրաժեշտ է անկախության հռչակումը մի քանի շաբաթով հետաձգել՝ Մադրիդի հետ երկխոսություն սկսելու և տարաձայնությունները հարթելու համար»,- այսօր երեկոյան խորհրդարանում հայտարարեց երկրամասի նախագահ Կարլես Պուջդեմոնը:

Անջատականների առաջնորդը, որ քաղաքական կարիերայի առաջին իսկ օրից հայտարարում է երկրամասը անկախ տեսնելու երազանքի մասին, խոսեց նախ կատալոներեն, ապա՝ իսպաներեն:

«Մենք բոլորս միևնույն համայնքի ներկայացուցիչներ ենք և պետք է միասին առաջ շարժվենք: Մենք չենք կարող համակարծիք լինել բոլոր հարցերում, սակայն մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք՝ առաջ շարժվելու հնարավոր միակ տարբերակը ժողովրդավարությունն է և խաղաղությունը, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն երկխոսությամբ»,- հայտարարեց Պուջդեմոնը:

Խստիվ քննադատելով Իսպանիայի իշխանությունների կոշտ արձագանքն ու ոստիկանության բիրտ ճնշումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել, կատալոնացիների առաջնորդը միաժամանակ հայտարարեց՝ զերծ է մնալու վիրավորանքներից ու սպառնալիքներից և փորձելու է հարթել տարաձայնությունները Մադրիդի հետ:

«Մենք հանցագործներ չենք, մենք խելագարներ չենք և ոչ էլ պուտչիստներ, մենք Իսպանիայի ու իսպանացիների դեմ ոչինչ չունենք, սովորական մարդիկ ենք, որ ընդամենը ընտրելու հնարավորություն են ուզում», - ասաց Պուջդեմոնը։

Վճռորոշ ելույթից առաջ հրապարակվել էին հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի վերջնական արդյունքները, ըստ որոնց` քվեարկության մասնակիցների ավելի քան 90 տոկոսը արտահայտվել էր անկախության օգտին: Մինչև վերջին պահն անհայտ էր՝ արդյոք Պուջդեմոնը կանի վերջին քայլն ու կհայտարարի Մադրիդից անջատվելու մասին: Լարվածությունը է'լ ավելի սրվեց, երբ նա մեկ ժամով հետաձգեց ելույթը, ըստ պաշտոնական հաղորդագրության` միջազգային գործընկերների հետ բանակցելու նպատակով:

Թե կոնկրետ ում հետ էր բանակցում 54-ամյա Պուջդեմոնը, հստակ չէ, հայտնի է, սակայն, որ այս ելույթից առաջ թե՛ Իսպանիայի, թե՛ Եվրամիության առաջնորդները հորդորել էին նրան զերծ մնալ անկախության մասին միակողմանի հայտարարություններից, ինչպես նաև չկայացնել որոշումներ, որոնք անհնարին կդարձնեն հետագա երկխոսությունը:

Կենտրոնական իշխանությունների այս դիրքորոշումն անսասան մնաց նաև Կատալոնիայի առաջնորդի, ըստ էության, փոխզիջումային առաջարկից հետո։ «Անընդունելի է լուռ անկախություն հայտարարել ու հետո բարձրաձայն կասեցնել այն»,- հայտարարել է Իսպանիայի կառավարության խոսնակը:

Ակնկալվում է, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը վաղը ելույթ կունենա խորհրդարանում: Փորձագետները չեն բացառում, որ նա կարող է դիմել աննախադեպ քայլի՝ լուծարելով Կատալոնիայի խորհրդարանն ու տեղում նշանակելով նոր ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG