Մատչելիության հղումներ

Ազդարարվեց Հայաստանի դատական բարեփոխումների հերթական ծրագրի մեկնարկը


Եվրոպայի խորհուրդն այսօր Երևանում ազդարարեց դատական բարեփոխումների նոր ծրագիր՝ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ ֆինանսավորմամբ:

Արևմուտքը մտադիր է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ նոր սահմանադրությանը համապատասխանեցնել օրենսդրությունը, բարելավել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ ըստ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և այլն:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտ Սվիտալսկին մի շարք՝ այդ թվում քաղաքական հնչեղության գործեր քննած դատավորների, Արդարատության նախարարի, դիվանագետների առջև հայտարարեց, որ «ժողովրդավարությունն ամրապնդելու ուղին դատական իշխանության անկախությունն է»․ - «Երաշխավորել դատական համակարգի լիակատար անկախությունը, մասնավորապես՝ բացառելով գործադիր իշխանության վերահսկողությունը դատավորների գործունեության հարցում, ապահովել դատարանների անկախությունը՝ չթույլատրելով որևէ ճնշում իրավապահ մարմինների, այդ թվում՝ գլխավոր դատախազության կողմից: Մյուս ուղղությունը արդարադատության համակարգում հակակոռուպցիոն միջոցառումների ներդնումն է»:

Ծրագրի շնորհանդեսին ներկա իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ բարեփոխումները արդյունք կտան միայն քաղաքական կամքի դեպքում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին համոզիչ չեն թվում իշխանությունների հավաստիացումները, թե այս ոլորտում մեծ ջանքեր են գործադրում․ - «Վահան Տերյանը մի բանաստեղծություն ունի՝ պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել: Մենք դա լսում ենք 90-ական թվականներից: Շուրջ քսան տարի, եթե ոչ ավել, մենք գնում ենք դատաիրավական բարեփոխումների»:

Ավետիք Իշխանյանն ընդգծում է, որ անկախ դատական համակարգը իշխանոփոխություն է ապահովում․ - «Եթե դատական համակարգը, դատաիրավական ողջ համակարգը քո իշխանության պահպանման հիմնական հենարանն է, ապա այդտեղ կլինեն և՛ ընտրովի արդարադատություն, և՛ անպատժելիության մթնոլորտ, և՛ քաղաքական դատավարություններ: Որովհետև բռնապետական հակում ունեցող կամ իշխանությունը ամեն կերպ պահող իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իշխանության պահպանման հիմնական ուժը դատաիրավական համակարգն է, և նրան անկախություն երբեք չեն տա»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այսպիսի ծրագրերը կարևոր են, որ գոնե եվրոպական չափանիշները օրակարգում մնան, բայց միևնույն է դատական անկախ իշխանություն Հայաստանում չկա, ինչը վկայում են քաղաքական դատավարությունները․ - «Հակառակ պարագայում՝ եթե լիներ դատարանը անկախ, ընդհանրապես այդ գործոնները չպետք է քննվեին, և ո՛չ Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ պետք է դատապարտված լիներ, Գևորգ Սաֆարյանը ընդհանրապես չպետք է ազատազրկման դատապարտվեր, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ աբսուրդ քրեական գործի հարուցումը Ներսես Պողոսյանի հետ միասին, Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը, Անդրիաս Ղուկասյանի հետապնդումը․․․ Ո՞րը հիշես»:

Արթուր Սաքունցի հիշատակած քաղաքական հնչեղության որոշ գործերով վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանը մասնակցում էր այսօրվա միջոցառմանը, բայց չցանկացավ հարցերի պատասխանել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին փոխանցեցինք իրավապաշտպանների մտահոգությունները: Հարությունյանն արձագանքեց․ - «Նախ պետք է ասեմ, որ եթե իրավապաշտպանները հանկարծ սկսեն գովել երկիրը, պետք է էդ երկրից անմիջապես գնալ: Որովհետև իրավապաշտպանները հենց նրա համար, որպեսզի անընդհատ նորանոր խնդիրներ բարձրացնեն: Ամենակատարյալ երկրում, որը դուք կհամարեք կատարյալ դատական իշխանություն ունեցող, միևնույն է, եթե քննարկենք իրենց պատասխանատուների հետ, իրենք կնշեն, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են առաջ գնում: Այնպես որ, իրավապաշտպանները ճիշտ են անում, որ քննադատում են, և պետք է շարունակեն նույն ոճով»:

Հարությունյանը, այդուհանդերձ, չի կիսում իրավապաշտպանների կարծիքը, թե Հայաստանում կան քաղհալածյալներ:

Արդարադատության նախարարը նաև համաձայն չէ, թե Արևմուտքի ֆինանսավորած դատական բարեփոխումները արդյունք չեն տալիս, պարզապես ժամանակ է պետք․ - «Եթե նկատի ունեք, թե արդյոք գումարները վատնվում են՝ ոչ: Արդյո՞ք յուրաքանչյուր ծախսված գումարը անմիջապես տալիս է իր արդյունքը՝ ևս ոչ: Որովհետև կարողությունների զարգացումը ենթադրում է ուսումնառություն, կյանքում կիրառում, ի վերջո նոր պրակտիկայի ձևավորում և այլն: Ինչ վերաբերում է, թե դատական համակարգը արդյոք բավարար մակարդակի անկախություն ունի, ես ինքս բացեիբաց ասացի, որ ոչ: Եվ մենք էդ ուղղությամբ ենք գնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG