Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը իրեն գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց


Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանն այսօր դատարանում միջնորդեց ազատ արձակել իրեն կալանքից՝ առաջարկելով 1.5 միլիոն դրամ գրավ վճարել։

Դիմելով դատավոր Վարդան Գրիգորյանին՝ Ղուկասյանը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի կալանքի տակ է, մինչդեռ ընտանիքի անդամներն իր կարիքը ունեն, հատկապես անչափահաս դուստրն ու հիվանդ մայրը, ովքեր իր խնամքի տակ են գտնվում․ - «Նախաքննության ժամանակ բոլոր վկաներն ու տուժողները հարցաքննվել են, առերեսումները կատարվել են: Հարգելի դատարան, գտնում եմ, որ գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ ես կարող եմ կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով և հանդիսանում են խափանման միջոցը կիրառելու հիմք»:

Մեղքը չընդունող և ազատազրկումը իր քաղաքական գործունեության հետ կապող Ղուկասյանը դատարանին ներկայացրեց նաև Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները կալանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ ամենևին նպատակ չունի ազատ արձակվելու դեպքում թաքնվել կամ էլ ազդեցություն գործել դատավարության մասնակիցների վրա․ - «Քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ հիմք չի տալիս ողջամտորեն ենթադրել, որ ես կատարեմ վերը նշված գործողությունները: Հարգելի դատարան, վստահեցնում եմ, որ գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խախտի գրավի պայմանները»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, մինչդեռ, հայտարարեց, թե դեմ է, որ Ղուկասյանն ազատ արձակվի։ Անգամ վճռաբեկ դատարանին վկայակոչեց՝ պնդելով, որ Ղուկասյանը ծանր հանցագործությունների մեջ է մեղադրվում և որևէ երաշխիք չկա, որ ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, սակայն, պնդեց՝ դատախազը չներկայացրեց որևէ տվյալ, որով կհիմնավորի, որ իր պաշտպանյալը ազատության մեջ կարող է ազդել դատավարության մասնակիցների վրա կամ էլ թաքնվել․ - «Մեղադրողը, առարկելով մեր միջնորդության դեմ, այդպես էլ չնշեց գործի նյութերում առկա փաստական տվյալ, որը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրել, որ Անդրիաս Ղուկասյանը ազդեցություն կգործի արդեն իսկ հարցաքննված, առերեսված վկաների նկատմամբ, որոնց մեջ նաև ոստիկաններ են կամ գործակալներ են: Նաև որևէ փաստական տվյալ չնշեց գործի նյութերից, որը ողջամտորեն ենթադրել է տալիս, որ Անդրիաս Ղուկասյանը կխուսափի»:

Մեժլումյանը նշեց, որ Եվրոպական դատարանն արդեն վարույթ է ընդունել Անդրիաս Ղուկասյանի կալանքի հարցով դիմումը, և դատարանին խնդրեց անաչառ որոշում կայացնել։

Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ իր խոսքով պատճառաբանված որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG