Մատչելիության հղումներ

Լոքյանը համաձայն չէ պնդումներին, թե ՏԻՄ ընտրություններում պայքարը ձևական է լինելու


Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան, 10-ը հոկտեմբերի, 2017 թ․

Նոյեմբերի 5-ին համայնքների խոշորացման գործընթացի շրջանակներում Հայաստանի 325 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարևոր համարեց «կարող գյուղապետեր» ունենալը:

Դաշնակցական նախարարը համաձայն չէ առաջադրված որոշ թեկնածուների այն պնդումների հետ, թե պայքարը լինելու է ձևական։ Լոքյանի խոսքով՝ ոչ ոք մեղավոր չէ, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում համայնքի գործող ղեկավարի դեմ առաջադրվել է նրա տեղակալը, և չկան այլ ուժերից թեկնածուներ։ Նախարարի կարծիքով անարդար չէ նաև այն, որ Ապարանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է առևտրի և սպասարկման հայտնի կենտրոնի՝ «Գնթունիկի» հիմնադիր-տնօրեն Կարեն Եղիազարյանը, իսկ նրա դեմ առաջադրված միակ թեկնածուն նույն ընկերության հաշվապահն է։

«Սա համարում եմ մեր քաղաքական ուժերի պասիվությունը, ի՞նչ կապ ունի, որ Կարենն առաջադրվում է Ապարանում: Ես կարծում եմ այնտեղ պետք է առաջադրվեին նաև Դաշնակցությունից թեկնածուներ, թեև ՀՅԴ-ն այնտեղ ավագանու 4-5 թեկնածու ունի, «Ելքից» պիտի առաջադրվեին, ԲՀԿ-ից պիտի առաջադրվեին, և քաղաքական ընտրություն ունենայինք: Բայց եթե մարդիկ հասկանում են, որ տվյալ թեկնածուն համակրանք է վայելում և կարող է ընտրվել․․․Շորժայի Սուլիկոն 18-20 տարի գյուղապետ է»,- օրինակ բերեց Լոքյանը:

ՏԻՄ ընտրության շրջանակներում գործատու-հաշվապահ մրցակցության մասին «Ազատությունը» փորձեց զրուցել «Գնթունիկի» տնօրեն Կարեն Եղիազարյանի հետ, բայց, ինչպես փոխանցեց խանութի մենեջերը, նրա հեռախոսն անհասանելի է և կապ հաստատել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է Սուլիկո Շուշանյանին, որի մասին նախարարը հիշատակեց իր խոսքում, նա Շորժա համայնքի ղեկավարն է արդեն 21 տարի։

Հանրապետական համայնաքպետն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 5-ից հետո Շորժան դառնալու է խոշարացված համայնքի կենտրոն՝ իր մեջ ընդգրկելով 6 գյուղ։ Սուլիկո Շուշանյանից բացի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ևս երկուսը՝ մեկ հանրապետական և մեկ անկուսակցական թեկնածու։ Իր հաղթելու շանսերը Շուշանյանը չի թերագնահատում և նշում է՝ համայնքում իրեն ճանաչում են և անարդարության խնդիր չկա։ «Իմ կարծիքն էն ա, որ պիտի ընտրվեմ: Պաշտոնի օգտագործում չկա, կա կատարած աշխատանքի արժևորում ժողովրդի կողմից»,- ասաց Սուլիկո Շուշանյանը:

Նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, Դաշնակցությունը, նաև մյուս քաղաքական ուժերը լավ չեն աշխատել, դրա համար էլ նշված համայնքներում թեկնածուներ չունեն: Նախարարը նաև նշում է՝ Հայաստանում, հատկապես մարզերում, քաղաքական համաչափության խնդիր կա, և ապագայում պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ըստ Լոքյանի, որտեղ չեն առաջադրվել դաշնակցական թեկնածուներ, այդտեղ ՀՅԴ-ն լավ չի աշխատել։ «Ապագայում, երբ մենք համայնքներում անցնենք քաղաքական ընտրությունների, սա կարևոր բարեփոխում կլինի՝ քաղաքական ուժերին դեպի մարզեր տանելը:

Մեր ամբողջ քաղաքականությունը Երևանում է, մեր ամբողջ տնտեսությունը Երևանում է, մեր ամբողջ գիտությունը Երևանում է, և մենք լոկալիզացված, կենտրոնացած ենք մայրաքաղաքում, մեր երկրում չկա քաղաքական համաչափություն»,- գնահատեց դաշնակցական նախարարը:

ՏԻՄ առաջիկա ընտրություններին, որոնց արդյունքում ձևավորվելու է 34 խոշորացված համայնք, ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետականի և ՀՅԴ-ի, ոչ մի թեկնածու չի առաջադրել «Ելք»-ը։ Ընդդիմադիր այս ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը պատճառաբանում է ապրիլի 2-ի Աժ ընտրություններից հետո մարզերում իրենց ունեցած արդյունքներով։

«ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային որոշակի փոփոխություններ, որոշակի ուժեղացումներ մարզերում, ընդհուպ նաև՝ կադրային փոփոխություններ: «Ելքում» ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս բոլոր հարցերով, և մենք հույս ունենք՝ այս ամեն ինչի արդյունքում ՏԻՄ ընտրությունների հաջորդ փունջին ակտիվորեն մասնակցել»,- ասաց Փաշինյանը:

Որպեսզի ընտրությունները լինեն առավել քաղաքականացված, Փաշինյանի խոսքով՝ իրենք շարունակելու են պնդել, որ խոշորացված համայնքներում անցկացվեն համամասնական կարգով ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG