Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի շուրջ մտավախությունները փոխնախարարի տարակուսանքն են հարուցում


Այս օրերին բուռն քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը: Ընդդիմախոսները պնդում են, որ այդ օրենքը կքանդի հայ ընտանիքը, և դրանով երեխաներին ծնողներից վերցնելու մեխանիզմ է սահմանվում:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ իր համար էլ է հարց, թե որն է նման մտավախությունների աղբյուրը: «Յուրաքանչյուր անհատ, որը հնարավորություն ունի օրենքի բովանդակությանը ծանոթանա, կտեսնի, որ որևէ նման դրույթ կամ որևէ նման կարգավորումներ մեր օրենքով նախատեսված չեն: Եվ համապատասխան մեղադրանքները, կասկածանքները և, չգիտեմ, դավադրության տեսությունները այստեղ ուղղակի, ինձ թվում է, զուրկ են որևէ հիմքից: Ամեն դեպքում, այդ մեղադրանքները կան, բայց ես համոզված եմ, որ եթե լինի կոնկրետ մասնագիտական քննարկում մեր նախապատրաստած օրենքի համապատասխան դրույթների, ապա ակնհայտ կինի, որ որևէ հիմք որևէ նման կասկածանքների, մեղադրանքների ընդհանրապես գոյություն չունի», - ասաց փոխնախարարը՝ հավելելով․ - «Օրենքը, ինչպես վերնագիրն է մեզ հուշում, վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ մի կողմից, և ընտանեկան բռնության տուժածների, զոհերի պաշտպանությանը»:

«Այս օրենքի ընդունումը կարևորել է հատկապես Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում, բայց ձեր ընդդիմախոսները պնդում են, որ Հայաստանի վրա դրա ընդունման առիթով ճնշում կա: Կա՞ նման ճնշում», - այս հարցին Քոչարյանը արձագանքեց․ - «Ոչ իհարկե: <...> Նշված խնդիրը մեր օրակարգում շատ շուտվանից կա, և տարբեր փորձեր էին արվում լավ նախագիծ մշակելու և առաջընթաց ապահովելու»:

Ընդհանուր առմամբ, նշեց նախարարը, «պետք է ասել, որ, այո, Հայաստանը ունի մարդու իրավունքների ոլորտում համապատասխան միջազգային պարտավորություններ, որոնք մենք կամովին ստանձնել ենք և շատ հետևողական ենք այդ պարտավորությունները կատարելու գործում, հատկապես դա վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին»: «Եվ բացառություն չէ նաև այս ոլորտը: Հայաստանը մասնակցում է Կանանց [նկատմամբ] խտրականության դեմ միջազգային կոնվենցիային, որին մասնակցում են գրեթե աշխարհի բոլոր պետությունները, և այդ կոնվենցիան նաև նախատեսում է համապատասխան մարմնի՝ կանանց իրավունքների կոմիտեի առկայությունը, որոնց հանձնարարականները Կոնվենցիայի անդամ պետություններին կրում են պարտադիր բնույթ», - ասաց Վիգեն Քոչարյանը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG