Մատչելիության հղումներ

«Վանաձոր» ՔԿՀ պետը և օպերատիվ բաժնի պետը ձերբակալվել են կաշառառության կասկածանքով


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Նշված դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով, 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի («Կաշառք տալը») 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նախաքննությունը շարունակելու համար:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը, ձերբակալվել է նաև նրանց կաշառք տալու համար կասկածվող անձը:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG