Մատչելիության հղումներ

Նախագահ Թրամփը և սենատոր Քորքերը թեժ վեճի մեջ են ներքաշվել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը:

Այս օրերին վճռվում է Իրանի հետ միջուկային գործարքի ճակատագիրը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Բոբ Քորքերը միմյանց քննադատում և վիրավորանքներ են փոխանակում, ինչը վկայում է Վաշինգտոնում արտաքին քաղաքականության որոշ հարցերի շուրջ գործադիր և օրենսդիր ատյանների անհամաձայնության մասին:

Թեժ բանավեճի հարթակը սոցցանցն է: Նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերին քննադատել է Իրանի միջուկային գործարքի կայացմանը նպաստելու համար: Քորքերն, իր հերթին, ակնարկել է, թե նախագահի անխոհեմ քաղաքականությունը կարող է հանգեցնել երրորդ աշխարհամարտի:

Նախագահի և Սենատի հանձնաժողովի ղեկավարի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Քորքերն անցած շաբաթ ասել է, թե պետք է շնորհակալություն հայտնել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին «երկիրը քաոսից փրկելու համար»:

Ինչպես The Washington Post պարբերականն է նշում, «բնավ դժվար չէ պատկերացնել, թե «քաոս» ասելով՝ ում նկատի ուներ սենատորը»: Զայրացած Թրամփը երեկ «Թվիթերում» գրել է, թե Քորքերը ժամանակին աղաչել է օգնել 2018 թվականի ընտրություններում և ի վերջո որոշել է չառաջադրվել, քանի որ «պայքարելու արիություն չունի»: Քորքերն, իր հերթին, «Թվիթերում» հեգնանքով գրել է․ «Ամոթ է, որ Սպիտակ տունը դարձել է ծերանոց»:

Ժամեր անց էլ Թրամփը գրել է. «Բոբ Քորքերն է մեզ մատուցել Իրանի գործարքը, այդքանը բավական է: Մեզ պետք է առողջապահության համակարգի բարեփոխում, պետք է հարկերը կրճատելու բարեփոխում, մեզ պետք են մարդիկ, ովքեր ավարտին կհասցնեն աշխատանքը»: Նախագահը պնդում է նաև, թե Քորքերը ցանկանում էր ստանալ պետքարտուղարի պաշտոնը: «Ես մերժեցի, ասացի՝ «շատ շնորհակալ եմ, բավ է», նա մեծ մեղք ունի Իրանի սարսափելի գործարքի հարցում»,- գրել է Թրամփը:

Իրանի հետ միջուկային գործարքը 2015 թվականին կնքել են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Այդ գործարքով Իրանը պարտադրվել է սահմանափակել միջուկային ծրագիրը, միջազգային համայնքն էլ խոստացել է թուլացնել պատժամիջոցները: Թրամփը բազմիցս է քննադատել այդ համաձայնությունը: Մի առիթով էլ ասել է, թե այն «Ամերիկայի պատմության ընթացքում ամենավատ գործարքն է»: Թրամփի համոզմամբ, «Իրանն անազնիվ խաղացող է, և կստանա այն վերաբերմունքը, որին արժանի է որպես նման խաղացող»:

Հոկտեմբերի 15-ին Դոնալդ Թրամփը պետք է հաստատի այդ գործարքը, արձակելով նախագահական լիազորագիր առ այն, որ Իրանը 2015-ից ի վեր չի խախտել համաձայնության պայմանները: Եթե Թրամփը դրանից հրաժարվի, ինչի մասին ակնարկում է նրա շրջապատը, դա կառաջացնի միջազգային լուրջ լարվածություն: Կոնգրեսն էլ կհայտնվի բարդ վիճակում, քանի որ ի հայտ կգա Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու կամ նույնիսկ խստացնելու անհրաժեշտություն:

Խճճված կացություն է ստեղծվելու, որովհետև ոչ միայն այդ, այլև բազմաթիվ այլ օրինագծերի ընդունման համար Սենատում Թրամփին անհրաժեշտ է նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և դրա ղեկավարի աջակցությունը:

Մինչդեռ, Չինաստանը և Ռուսաստանն արդեն հայտարարել են, թե անհրաժեշտ է պահպանել Իրանի միջուկային գործարքը: «Մենք բազմիցս ընդծել ենք, որ Իրանի միջուկային գործարքը միջազգային համայնքի համագործակցության դրական օրինակ է, այն կարևոր նշանակություն ունի խաղաղությունը Մերձավոր Արևելքում պահպանելու և միջուկային չտարածման ռեժիմը խթանելու համար: Մենք հուսով ենք, որ գործարքն ամբողջությամբ կմնա ուժի մեջ»,- այսօր Պեկինում ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է՝ «Ամերիկայի նման առանցքային դերակատարի դուրս գալը գործարքից անպայման կունենա բացասական հետևանքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG