Մատչելիության հղումներ

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Аrmday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 7-ին Ֆահրադյանը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս.-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ փորձել են խլել տեսախցիկը, ինչպես նաև կրիչի պարունակությունը ջնջելու նպատակով շուրջ 9 րոպե իրեն փակել են բժշկական հաստատության սենյակներից մեկում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ, Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը»: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG