Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին․ Մամեդյարով


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին: Այս մասին կիրակի օրը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Երկաթգիծը, հիշեցնենք, պետք է բացվեր դեռևս անցած տարի, սակայն բացումը հետաձգվել էր, և երեկ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթից այն կսկսի գործել:

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հավաքվել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ նշելու ՎՈւԱՄ կազմակերպության 20-ամյա հոբելյանը: Հանդիպմանը, ավանդույթի համաձայն, հայտարարվել է՝ ՎՈւԱՄ անդամները աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ապագա ծրագրերը, որոշել են է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը և հայտարարել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու մտադրության մասին:

«ՎՈւԱՄ-ը իր ստեղծման օրից համագործակցել է Միացյալ Նահանգների հետ և մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը», - երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալտայ Էֆենդիևը և հավելել՝ ՎՈւԱՄ-ի հետ ակտիվ համագործակցության հայտ են ներկայացրել մերձբալթյան երկրները, ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:

Իսկ կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հոբելյանական նիստից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG