Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անարձագանք չի թողնի Russia Today («Ռուսաստանն այսօր») հեռուստաընկերության վրա ամերիկյան իշխանության ճնշումը և կդիմի համարժեք պատասխան միջոցի: Այդ մասին երեկ ասել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Հոկտեմբերի սկզբին Russia Today ընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իբրև «արտասահմանյան գործակալ» գրանցվելու՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացրած պահանջի հետևանքով հեռուստաընկերությունը կարող է զրկվել Ամերիկայում հեռարձակվելու հնարավորությունից:
Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության հարցերով դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը, իր հերթին, նկատել է տվել, որ դրան ի պատասխան՝ վտանգի տակ կարող է հայտնվել CNN ամերիկյան հեռուստաընկերության հեռարձակումը Ռուսաստանում:
Մասնակցելով НТВ հեռուստակայանի «Շաբաթվա ամփոփում» ծրագրին, Զախարովան ասել է, թե համոզված է, որ Russia Today ընկերությունը հալածվում է քաղաքական դրդապատճառներով:
«Սա այն դեպքն է, երբ մեր ընկերության նկատմամբ ողջ ուժով կիրառվում են պետական մեքենան, վարչական լծակները, ԱՄՆ տարածքում բոլոր քարոզչամիջոցները: Մենք դա որակում ենք որպես գործունեության սահմանափակում և կարող ենք պատասխան միջոցներ ձեռնարկել այստեղ Ռուսաստանում աշխատող ամերիկացի լրագրողների և ամերիկյան լրատվամիջոցների դեմ», - ասել է արտգործնախարարության խոսնակը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում կարող են պատասխան միջոցների ենթարկվել թե՛ մասնավոր և թե՛ պետական լրատվամիջոցները:
«Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ տեսակի ԶԼՄ-ի մասին է խոսքը՝ պետակա՞ն է, թե՞ ամերիկյան պետական կառույցներից միջնորդ օղակների խողովակով ֆինանսավորվող, մեզ համար տարբերություն չկա», - ասել է Զախարովան:
Նա պնդել է նաև, թե Ռուսաստանի իշխանությունը արտասահմանցի լրագրողների նկատմամբ երբեք օրենսդրությունը չի կիրառել գրաքննություն պարտադրելու կամ քաղաքական ճնշում բանեցնելու համար:
РИА "Новости" գործակալությունը հայտնել է, որ CNN International հեռուստակայանը կարող է հոկտեմբերի 11-ին զրկվել Ռուսաստանում հեռարձակվելու արտոնագրից: Պետական օղակներն այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ դեռ չեն տվել: