Մատչելիության հղումներ

20 տարի շարունակ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, նյութական բռնության է ենթարկվել 43-ամյա կինը, ով խնդրեց գաղտնի պահել իր անունը՝ բռնարար ամուսնու հետագա հաշվեհարդարից խուսափելու համար:

«Եկավ, խփեց ինձ․․․ հղի վիճակում․․․ քացով խփեց՝ մահճակալից ընկա», - պատմեց նա: Չի ամուսնալուծվել, որովհետև ժամանակին ծնողները թույլ չեն տվել, հիմա էլ եկամուտ չունի երեք երեխաներին պահելու համար: - «Տեգորս էլ ցույց տվի՝ վատացավ․․․ ու երեք օր պահեց իրենց տանը․․․ փակեց դուռը վրաս, որ ես չգնամ, բողոքեմ: Վախեցել էի, հայրիկիս էի պատմում, ասում էի՝ ի՞նչ է, ուզում եք որ ինձ սպանի», - հիշում է նա:

Մասնագետները ահազանգում են՝ ընտանեկան բռնությունը լրջագույն խնդիր է, որի հետևանքով ամեն տարի տասնյակ կանայք են մահանում, հարյուրավորները՝ ծեծի ենթարկվում, հազարավորները՝ ահուսարսափի մեջ են ապրում:

Մասնագետների պնդմամբ, Հայաստանում չկա օրենք, որը կկարողանա կանխարգելել ընտանեկան բռնությունը: Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը պնդում է՝ բավական է թաքնվել «անվանդապաշտ հայկական ընտանիք» հասկացության տակ՝ չտեսնելով, թե ինչ սարսափելի պատմություններ են տեղի ունենում այդ քողի ներքո:

«Վերջին 5 տարիների ընթացքում ունենք 50-ից ավելի կնասպանության դեպք, և այդ միտումը տարեց տարի չի նվազում», - այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեց Սիմոնյանը: - «Չի կարելի ձգձգել այս գործընթացը պետության կողմից, պետք է ապահովել մեխանիզմներ, որպեսզի ընտանեկան բռնության հաջորդ զոհը չլինի»:

«Պաշտոնական թվերը մտահոգիչ են», - նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով՝ ոչ միայն սարսափելի են արդեն իսկ բացահայտված արյունալի պատմությունները, այլև քիչ չեն բռնության թաքնված դեպքերը: Նախարարի խոսքով՝ Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրինագիծն ընդունելու դեպքում շատ խնդիրներ ջրի երես դուրս կգան: - «Ճիշտ, պինդ, իսկական հայկական ընտանիքի դեմքը բռնությունը չէ», - նշել էր նա:

Այսօր մի խումբ մարդիկ մտահոգված են, թե օրինագծով փորձ է արվում կազմալուծել հայկական ավանդական ընտանիքը, երեխաներին վերցնել ընտանիքներից, սակայն և՛ փորձագետները, և՛ պետական այրերը պնդում են՝ նման դրույթ առհասարակ չկա այս նախագծում:

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը պնդում է՝ դրանք դատարկ խոսակցություններ են: - «Նախագիծը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու որևէ նոր հիմք կամ կարգ», - ասում է Հակոբյանը:

Նախագիծը արդեն 16 օր է՝ Արդարադատության նախարարության e-draft.am կայքէջում հանրային քննարկման է դրված: Մինչև հոկտեմբերի 9-ը հնարավոր է ծանոթանալ դրան, կողմ ու դեմ կարծիք հայտնել, քվեարկել: Այսօրվա դրությամբ՝ կողմ քվեարկողների թիվը 565-է, դեմ՝ 502: Հաջորդ շաբաթ էլ հանրային բաց քննարկում է ակնկալվում:

Նախագծի հեղինակներն հույս ունեն, որ այն դրական կընկալվի հանրության կողմից և առաջիկայում խորհրդարան կհասնի:

Բաց քննարկման դրված մոտ 50 էջանոց նախագծում նշվում են պաշտպանական մեթոդները, այդ թվում, թե որ դեպքերում պետությունն ապաստարան կտրամադրի կնոջը: Անհետաձգելի միջամտության որոշմամբ էլ բռնարարին կարող են հարկադրել անհապաղ հեռանալ տանից, արգելել 100 մետրից ավելի մոտենալ բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց:

Մեր դիտարկմանը, որ այսօր ոստիկանները շատ անգամ հորդորում են բռնության ենթարկված կնոջը ետ վերցնել դիմումը՝ պատճառաբանելով, թե օրինական լծակներ չունեն բռնարար տղամարդու վրա ազդելու համար, Արդարադատության նախարարության աշխատակիցն ասաց՝ օրենքի ընդունման դեպքում ոստիկանը գործին ընթացք տալու հնարավորություն կունենա՝ անգամ եթե բռնության ենթարկվածը հետ վերցնի բողոքը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիան» դեռ 2009-ից էր մշակել ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը, որ երկու անգամ հասել է ԱԺ ու ետ վերադարձել: Կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը հավատում է, որ օրենքը կլուծի ընտանեկան բռնության խնդիրը, սակայն, ըստ իրավապաշտպանի, շատ ավելի կարևոր է հանրության մշակութային ընկալումների փոփոխությունը: - «Մարդը պետք է թույլ չտա, որպեսզի իր հանդեպ տեղի ունենա բռնություն, ինքը ուղղակի սովորած չլինի այդ բռնության ակտին իր հանդեպ», - շեշտում է նա:

Ընտանիքի մասին խեղված պատկերացում, հոր ու եղբոր պատիվ պահել ու դրանից բխող՝ ծեծ ու ջարդ, մահվան վտանգ․․․ Մեր հերոսուհին մասնագետների հետ զրույցներից հետո հասկացել է՝ գուցե սխալ է արել, որ ապրել է բռնարարի հետ՝ հանդուրժելով այս ամենը:

«Եթե օրենքը հաստատվի՝ այո՛, կդիմեմ, որովհետև այլևս տեղ չունեմ», - ասում է տարիներ շարունակ բռնության ենթարկված կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG