Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով դատավորը մերժեց պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները


Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները։

Նախ, դատական նիստի հենց առաջին րոպեներին դատավորը նախազգուշական սանկցիաներ կիրառեց մեղադրյալներ Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ՝ ոտքի չկանգնելու համար։

Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը մի քանի միջնորդություն ներկայացրեց։ Առաջինով նա խնդրեց դատարանին չեղարկել նիստերի տեսագրության արգելքը։ Փաստաբանը պնդեց, որ դատավորի որոշումը, որով տեսանկարահանումն արգելվել է վկաների հարցաքննության ժամանակ, չի բխում արդարադատության շահերից։ է։ Նշեց, որ Տաթևիկ Գրիգորյանի պատճառաբանությունը, թե թե դեռևս չհարցաքննված վկաները հարցաքննվող վկայի ցուցմունքին կարող է ծանոթանալ ուղիղ եթերով, անհիմն է։

«Փաստացի մենք բոլորս գիտենք, որ վկաներին միմյանցից անջատ հարցաքննելու քրեադատավարական նորմի ապահովման պայմանով դատաքննության լուսաբանման սահմանափակումը կրում է բացարձակապես պատրանքային բնույթ, այն ինքնախաբեություն է», - պնդեց Պապիկյանը:

Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ պնդեց՝ վկաները այլ տեսականորեն հնարավորություն ունեն ծանոթանալու միմյանց ցուցմունքներին և որ արգելքի որոշումը նպատակ ունի հանրության աչքից հեռու պահել այս դատավարությունը։

«Սա իսկապես խայտառակում է մեր արդարադատությունը», - պնդեց փաստաբանը: - «Տեսեք՝ լրագրողներ կան և իրենց արգելված չէ ձայնագրել, ի՞նչն է խանգարում, որ նաև տեսաձայնագրվի», - հարցրեց Կարապետյանցը:

Մեղադրող դատախազներն ու դատավորը, մինչդեռ, անհիմն համարեցին միջնորդությունը։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց՝ իր որոշմամբ լուսաբանման հնարավորությունը չի սահմանափակվել։ - «Հրապարակայնության սկզբունքը չի խախտվել դատարանի կողմից, քանի որ դատարանը շարունակում է իրականացնել դռնբաց դատական քննություն, ներկա են մի շարք լրատվական միջոցների ներկայացուցիչներ, ովքեր ազատորեն իրականացնում են իրենց իրավունքները քրեական գործի դատական քննությունը լուսաբանելու առումով», - պնդեց Գրիգորյանը:

Դատավորը մերժեց թե՛ այս, թե՛ նաև նախորդ դատական նիստին ամբաստանյալ Ներսես Պողոսյանին «արա»-ով դիմած դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունները։ Նա հայտարարեց, որ դատախազն իր արարքի համար արդեն նախազգուշական սանկցիայի է ենթարկվել: Արայիկ Պապիկյանը պնդեց՝ դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի և չի կարող պաշտպանել դատախազի երդումը՝ այն է՝ պաշտպանել օրենքը։ Արդեն մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի փաստաբանը, դիմելով դատարանին, ասաց՝ մինչև այժմ հարցաքննված վկաները դատարանում ասել են, որ Պողոսյանին չեն ճանաչում և սա վկայում է, որ նրա մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց նաև Ներսես Պողոսյանին կալանքից ազատելու միջնորդությունը՝ պնդելով՝ նախորդ նիստին ևս նման միջնորդություն է քննարկել և այսօր դրա կարիքը չկա։

Իր կողմից ներկայացված երեք միջնորդությունների մերժումից հետո Արայիկ Պապիկյանը դատավորին ինքնաբացարկ ներկայացրեց։ Պնդեց՝ նա չի կարող այս գործը քննել կանխակալ և կողմնապահ լինելու պատճառով։

Դատավորը մերժեց նաև ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։

Այսօր դատարանը երեք վկայի հարցաքննեց։ Վկա Աննա Աղլամազյանը պատմեց, որ աշխատել է Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Նախախորհրդարանում և ասաց, որ այդ ընթացքում չի լսել, որ Նախախորհրդարանում զանգվածային անկարգությունների նախապատրաստման մասին քննարկումներ անցկացնեին։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի: Գործով անցնող 14 վկաներից մինչև այժմ դատարանում հարցաքննվել է 9-ը, մյուսներն այսօրվա նիստին չէին ներկայացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG