Մատչելիության հղումներ

Եթե Կովկասում խաղաղություն ենք ուզում, ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵՏՄ-ին․ Պուտինի խորհրդական


ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազև, Երևան, 6-ը հոկտեմբերի, 2017 թ․

Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդականի խոսքով՝ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:

Սերգեյ Գլազևը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2012 թվականին, նա համակարգում է եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Այսօր Երևանում, հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցերին, նա հայտարարեց՝ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն և կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար:

«Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետև այն դեռ ընթանում է հետխորդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու և համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ: Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը և լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար: Կասեմ, որ եվրասիական գործընկերության հսկայական նախագիծը, որն այսօր առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր՝ բարեկամական երկրների միավորման միջոց է՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը, հարգելով միմյանց, չմիջամտելով միմյանց ներքին գործերին և որոնելով համատեղ մրցակցային առավելություններ»,- ասաց Գլազևը:

Պուտինի խորհրդականն այնուհետև Եվրոպական միության հետ որոշ համեմատություններ անցկացրեց: «Սա կամավոր միություն է, ոչ թե հարկադրանք, ի տարբերություն Եվրոպական միության: Մենք ականատես եղանք՝ երբ [Ուկրաինայի նախկին նախագահ] Յանուկովիչը հրաժարվեց Ուկրաինայի համար կործանարար՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից (քանի որ Ուկրաինան զրկվում էր իրավունքներից, ինչպես այժմ չունի), նրան ուժով պաշտոնանկ արեցին: Եթե մենք ցանկանում ենք Կովկասում խաղաղություն, փոխօգնություն, օգտակար համագործացություն ունենալ, որոնք կօգնեն քաղաքական խնդիրների լուծմանը, ապա հարկավոր է ողջ Կովկասն ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց ՌԴ նախագահի խորհրդականը:

2013 թ․ նոյեմբերին Ուկրաինայում սկիզբ առան բողոքի զանգվածային ակցիաներ այն բանից հետո, երբ այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչն անակնկալ կերպով հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին՝ բողոքի ակցիաները ճնշելու համար, ինչի հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ: 2014 թ․ փետրվարին Յանուկովիչը լքեց մայրաքաղաք Կիևը, փետրվարի 22-ին էլ Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնանակ արեց նրան: Ուկրաինայի նոր իշխանությունները 2014 թվականին Եվրամիության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը:

«Ազատության» հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազևը պատասխանեց․ «Այո, այլ խնդիրների թվում նաև այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձևավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջև կառաջանա երկարատև համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը: Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»:

Հարցին էլ՝ հնարավոր համարու՞մ եք ԵՏՄ-ում միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը, Գլազևն արձագանքեց․ «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, այս պարագայում, իհարկե, վճռորոշ խոսքը Հայաստանինն է, որովհետև որոշումներն ընդունում ենք կոնսենսուսով»:

«Դեռևս չունենք միասնական արժույթ»

Գլազևին հիշեցրեցինք Արևմուտքից հնչող քննադատությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը Խորհրդային Միությունը վերստեղծելու փորձ է: «Դա հիմարություն է, որն ի սկզբանե տիկին Քլինթոնն էր արտաբերում՝ չխորանալով հարցի էության մեջ: ԵՏՄ-ն կառուցվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա և ոչինչ ավելին: Այն տնտեսական միություն է, քաղաքական չափումներ չունենք, դեռևս չունենք միասնական աժույթ: Վերազգային մարմինն աշխատում է բացառապես համատեղ առևտրի կարգավորման ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG