Մատչելիության հղումներ

Նոբելյան Խաղաղության մրցանակը՝ միջուկային զենքի արգելման արշավին


Միջուկային զենքի արգելման արշավի համակարգող Դենիել Հոգստը, Ժնև, 6-ը հոկտեմբերի, 2017 թ.
Միջուկային զենքի արգելման արշավի համակարգող Դենիել Հոգստը, Ժնև, 6-ը հոկտեմբերի, 2017 թ.

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն այսօր Օսլոյում հրապարակել է 2017 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրի անունը:

«Նոբելյան Խաղաղության 2017 թվականի մրցանակը տրվում է միջուկային զենքի արգելման միջազգային արշավին: Կազմակերպությունը ստանում է այս մրցանակը միջուկային զենքի օգտագործման աղետալի հումանիտար հետևանքների վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու և միջուկային զենքի արգելման նպատակով նորարարական մեթոդներ կիրառելու համար»,- հայտարարել է նորվեգական կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը:

Նրա փոխանցմամբ, միջուկային զենքը գոյություն ունեցող զինատեսակներից առավել ավերիչն է, այդ զենքի չտարածման ջանքերի հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է պայքար մղել այն ընդհանրապես արգելելու համար:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ առավել, քան երբևէ հրատապ է միջուկային զենքի օգտագործման սպառնալիքը, որոշ երկրներ արդիականացնում են իրենց միջուկային զինանոցը, բացի այդ, ինչպես Հյուսիսային Կորեայի օրինակն է վկայում՝ կա իրական վտանգ, որ էլ ավելի մեծ թվով պետություններ կփորձեն ձեռք բերել այդ զենքը»,- ասել է Ռեյս-Անդերսենը, հավելելով՝ «Մենք նկատել ենք տալիս, որ այդ զենքն ունեցող երկրներն էլ պետք է հեռանկարում հրաժարվեն դրանից»:

Նա ասել է, որ կոմիտեն այսօրվա որոշմամբ ուղերձ է հղում բոլոր երկրներին, նախևառաջ՝ միջուկային տերություններին, քամի որ միջուկային զենք ունեցող և չունեցող պետությունները տարբեր կարգավիճակներում են:

ICAN հապավումով հայտնի Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը հանրային դաշինք է: Ժնևում տեղակայված կառույցի կենտրոնակայանում մեծ խանդավառությամբ են արձագանքել առավոտյան Օսլոյից ստացված լուրին:

«Այս մրցանակը հարգանքի տուրք է ամբողջ աշխարհում հանուն միջուկային զենքի արգելման անխոնջ պայքարող միլիոնավոր մարդկանց, ովքեր միջուկային զենքի ստեղծման առաջին իսկ օրերից հրապարակավ բողոքներ են հայտնել մահաբեր զենքի դեմ, պնդելով, որ նման զենքը որևէ իրավական նպատակ չունի և պետք է արգելվի ու վերացվի մեր երկրագնդի երեսից»,- ասել է կազմակերպության համակարգող Դենիել Հոգստը:

Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը սկսվել է 2007 թվականին և այժմ ավելի քան 100 երկրներում ունի մոտ 470 գործընկեր-կազմակերպություններ: Արշավի թիրախը միջուկային զենքն է: Այս տարվանից ICAN-ը առաջ է տանում միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագիրն իրականացնելու գաղափարը: Այդ պայմանագիրը ՄԱԿ-ի նախաձեռնությունն է և ստորագրվել է 2017 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում:

Նոբելյան Խաղաղության մրցանակը միակ անվանակարգն է, որի հաղթողին չի ընտրում Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այդ անվանակարգում դափնեկիր ընտրելու իրավունքը վերապահվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին:

Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ամեն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG