Մատչելիության հղումներ

Վիրահայոց թեմը Գումբուրդոյի տաճարի նկատմամբ «որևէ հավակնություն չունի, և այն համարվում է վրացական»


Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան, արխիվ
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան, արխիվ

Սեպտեմբերի 30-ին Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վրաստանի Պատրիարքարանում կայացել է հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների միջև:

Ինչպես ասված է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության, Վրաց ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության և Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի համատեղ հայտարարությունում, հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ծագած հարցերը քննարկել և որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, «քանի որ խնդիրը իրավական ու կրոնական հարթությունից բացի ունի նաև բարոյական մեծ նշանակություն, և ընդունվող որոշումները կլինեն իրավիճակի խաղաղ կարգավորման բարի օրինակ»:

«Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է և սադրանքը՝ անթույլատրելի: Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձևավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերել հեռատեսություն և առաջացած հարցերը լուծել օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով», - ասված է համատեղ հայտարարությունում, որը տարածել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը:

Ախալքալակի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև սեպտեմբերի 30-ի միջադեպը, նշված է հայտարարությունում, առաջացել է, երբ տաճարի բակում առանց նախնական համաձայնության հայկական խաչքար տեղադրելու փորձ է արվել:

«Եկեղեցում, 2015 թվականից Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ: Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտնվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց: Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական», - ասված է համատեղ հայտարարությունում:

«Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը», - ընդգծում են հայտարարության հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG