Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին հղած իր ուղերձում։
«Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում:
Համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ: Ուրախալի է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային նախորդ համաժողովների ընթացքում մշակված առաջարկները կյանքի են կոչվում համատեղ նախաձեռնությունների միջոցով», - ասված է ուղերձում:
Ըստ նախագահի, անկասկած, ինտեգրացիոն գործընթացները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
«Առաջին հերթին դա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, որի շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է նոր՝ ավելի բարձր մակարդակի: Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը նրանում է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար», - ուղերձում ասել է նախագահը՝ շարունակելով. - «Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում կլինի կարծիքների արգասաբեր փոխանակում, որը կհանգեցնի նոր պահանջված գաղափարների ստեղծմանը, որոնք մենք միասին կյանքի կկոչենք՝ ի շահ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների»:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն իր հերթին կնպաստի Եվրասիական տնտեսական միության գործարար և ներդրումային լայն հնարավորությունների բացահայտմանն ու նոր փոխշահավետ գործարար նախագծերի իրականացմանը:
«Համաժողովների անցկացումը համապատասխանում է եղբայրության և բարեկամության ավանդույթներին, որոնցով մեր ժողովուրդների հարաբերություններն ամրացվել են երկար դարերի ընթացքում: Համոզված եմ, որ այս ավանդույթներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային [հարաբերությունների] ամրապնդմանը», - ասված է ուղերձում: