Մատչելիության հղումներ

Փաշինյանը պաշտպանվել է Գեղամյանի հարվածներից․ Մարուքյան


Ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքի այն հատվածում է մոտեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որտեղ տեսախցիկներ տեղադրված չեն։

Մարուքյանը կասկածներ ունի, որ Գեղամյանն այնտեղ դարանակալել էր։

«Երևի քանի օրվա քննարկումների կուտակված նյութը՝ այն, որ որևէ փաստարկ չեն կարողացել բերել ընդդեմ մեր փաստարկների և մեր ներկայացրած նախագծերի և այն քննադատությանը, որն ուղղված է հայ-ռուսական միացյալ զորախմբին և ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանությունը զիջելուն, պարոն Գեղամյանը մոտեցել է Նիկոլ Փաշինյանին, և այնտեղ է մոտեցել, որտեղ որ չկան տեսախցիկներ, իսկ Դուք գիտեք, որ խորհրդարանի միջանցքներում հիմնականում տեսախցիկներ են տեղադրված, սա նույնպես կասկածի տեղիք է տալիս մեզ, որ չի բացառվում, որ նա դարանակալած լինի և սպասած լինի այնտեղ, որ Փաշինյանն անցնի այնտեղով, որովհետև ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդտեղ է եղել», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Մոտեցել է և ասել է, որ «իմ անունն էլ չտաս»։ Պարոն Փաշինյանը, բնականաբար, չի համաձայնել, և [Գեղամյանը] կրկնել է, որ «իմ անունը մի տուր», երևի ասել է՝ «ո՞նց կլինի, պարոն Գեղամյան»։ Պարոն Փաշինյանն ասում է, որ անգամ «Դուք»-ով է խոսել նրա հետ, և նա՝ առանց որևէ բան ասելու, հարվածել է պարոն Փաշինյանին, որից հետո, որպեսզի չշարունակվի հարվածները, պարոն Փաշինյանը պաշտպանվել է, այսինքն՝ փորձել է հետ մղել Գեղամյանին, որ նա չկարողանա հարվածել կամ որևէ բռնություն կիրառել պարոն Փաշինյանի նկատմամբ»։

Հարցին, թե քանի՞ հարված է եղել և մարմնի ո՞ր հատվածին, Մարուքյանը պատասխանեց. - «Եթե չեմ սխալվում՝ երեսին, մեկը կպել է, մնացածը չի կպել։ Տեսանելի վնասվածքներ չունի, որովհետև ինքը հասցրել է պաշտպանվել, այդ առաջին հարվածն էլ նա [Գեղամյանը] չի կարողացել այնպես տեղ հասցնել, ոնց որ, կարծում եմ, որ նախատեսված է եղել»։

Մեկ այլ հարցի, թե իրավապահներն այստեղ անելիք ունե՞ն, Մարուքյանը պատասխանեց. - «Դեռևս որևէ արձագանք չկա, տեղեկություն չունեմ, որ զանգած լինեն պարոն Փաշինյանին, առաջարկած՝ բացատրություն տալ կամ ցուցմունք տալ, բայց մինչ այդ, կարծում եմ, հարցն առաջին հերթին քաղաքական է, որն ավելի կարևոր է տվյալ պարագայում, որովհետև մենք պետք է հստակ ունենանք դիրքորոշումը հանրապետական մեծամասնության, թե արդյո՞ք նրանք դատապարտում են պարոն Գեղամյանի նշված արարքը, արդյո՞ք նրանք դատապարտում են և չեն խրախուսում նման բռնությունները, որովհետև, եթե մենք հաշվում ենք, որ պարոն Գեղամյանը կիրթ մարդ է, երկար ճանապարհ անցած, նաև ընդդիմադիր է եղել ժամանակին, եթե նա է այդպես իրեն պահում, բա մյուսների՞ց ինչ պահանջենք։ Այնտեղ մարդիկ կան՝ օլիգարխներ են, մարդիկ կան՝ թիկնապահներով են շրջում, այսինքն՝ եթե ինքն իրեն այդպես է պահում և խմբակցությունը չի դատապարտում, դա նշանակում է, որ խրախուսվում է նման արարքը, եթե խրախուսվում է, բա մյուսների՞ց ինչ պահանջենք, այնտեղ այնքան մարդիկ կան զենք ու զրահով ամենօրյա ռեժիմով շրջող։ Այսինքն՝ ընդդիմության համար սա ուղերձ է, մեսիջ է, որ մենք պետք է հասկանանք՝ մենք որտեղ և ում հետ գործ ունենք»:

Մարուքյանի խոսքով՝ այդ բռնությունն այլ մեկնաբանություն կարող է ունենալ։ «Հնարավոր է, որ գնան հետո Ռուսաստանում գլուխները գովան՝ Գեղամյանը գնա ու ասի՝ «տեսա՞ք, ձեզ բան էին ասում, մենք էլ պաշտպանեցինք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը պնդում է, որ երեկ առավոտյան խորհրդարանի միջանցքում Գեղամյանն իրեն բռունցքներով հարվածել է։ Գեղամյանը հերքում է մեղադրանքները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG