Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ. Շարմազանով


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 18։00-ին ավարտվելու է ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը, Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ։ Այդ մասին երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այս իմաստով ուզում եմ նշել, որ զարմանալի է, որ բացի Հանրապետական կուսակցությունից, առաջադրվել են համայնքապետի թեկնածուներ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և ՀՅ Դաշնակցությունից՝ գոնե մինչ օրս։ Եվ այս իմաստով, որ աստիճանաբար ընդդիմադիր ուժեր են ավելանում, քաղաքական կուսակցություններ են ավելանում, մեզ համար անհասկանալի է, թե քաղաքական ուժերը, ովքեր ուզում են ունենալ լուրջ դերակատարում կամ հավակնում են ունենալ որևէ քաղաքական դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում, ինչպե՞ս են առանց ՏԻՄ ընտրությունների պատրաստվում որևէ դերակատարում ունենալ: Բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Այս պահին Հանրապետականն ունի թեկնածուներ, «Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Ավագանիներից կան կուսակցություններ, որոնք առաջադրել են, բայց խոսքը գնում է համայնքապետի թեկնածուների մասին: Սա խոսում է, որ մեր կուսակցական կառույցներն, ինչ որ մենք ասում էինք, շատերը մարզային և տարածքային կառույցներում դեռևս ունեն լուրջ անելիքներ»։

Շարմազանովը նշեց, որ իրենք ազատ մրցակցության կողմնակից են և պատրաստ են օրենքով սահմանված կարգով ազատ մրցակցել։

«Յուրաքանչյուր համայնքի ընտրող ինքը կորոշի, թե ով պետք է լինի իր համայնքապետը։ Մենք շատ լուրջ ենք մոտենում այդ ընտրություններին», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Նրա փոխանցմամբ, գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև արտաքին քաղաքական, ներքաղաքական հարցեր։

«Անհամեստություն կլինի, որ ես խոսեմ ՀՀԿ-ի շանսերից, կխոսեմ նոյեմբերի 5-ի երեկոյան, բայց կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք պահպանել մեր դիրքերը և հնարավորության դեպքում նաև ավելացնել վստահությունը հանրության մոտ», - ասաց Շարմազանովը։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին՝ Շարմազանովն ասաց. - «Եթե նման բան եղել է, եթե եղել է՝ դատապարտելի է և անընդունելի, բայց միևնույն ժամանակ ես միշտ կոռեկտության և էթիկետի սահմաններում քաղաքական պայքարի և քաղաքական գործունեության կողմնակից եմ, անկախ նրանից՝ ո՞վ է դա անում, ո՞ր կուսակցության ներկայացուցիչը՝ ընդդիմադի՞ր, թե՞՝ իշխանական գործիչ»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը պնդում է, որ երեկ առավոտյան խորհրդարանի միջանցքում իրեն բռունցքներով հարվածել է իշխող Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը: Գեղամյանը հերքում է մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG