Մատչելիության հղումներ

Օձունի նախկին գյուղապետի որդին ժառանգել է հսկա պահուստային տարածքները, իսկ շատերը «թիզ անգամ հող չունեն»


Լոռու մարզի ամենամեծ գյուղում՝ Օձունում, աճող ընտանիքներին հասանելիք պահուստային տասնյակ հեկտարներով հողերը մեկ մարդու՝ Օձունի նախկին գյուղապետի որդու՝ Բարսեղ Այվազյանի տիրապետության տակ են։ Օձունեցի Սուրեն Աղվանյանն ասում է, թե հողով ամենահարուստ գյուղում մի թիզ վարելահող անգամ չունի։ «Սրանից առաջ մի գյուղապետ կար, նա վերցրեց ու իրա համար զանիտ արավ, հիմի մեռավ գնաց, նրա տղեն ա օգտագործում, իսկ ես դաշտում մի գրամ հող չունեմ: Բա նա 90 հեկտար հող ունենա, ես մի մետր էլ չունենա՞մ: Ես տղա ունեմ, աղջիկ ունեմ, թոռնիկներ ունեմ»,- գանգատվում է գյուղացին:

Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը հաստատում է՝ 15 տարի առաջ նախկին գյուղապետ Մելիք Այվազյանը աճուրդային հանձնաժողով է կազմել, իրեն հանձնաժողովի նախագահ կարգել, մասնակցել իր հայտարարած մրցույթին, իր ղեկավարած հանձնաժողովով որոշել՝ հենց իրեն հաղթող ճանաչել ու գյուղի պահուստային ֆոնդի 50 հա վարելահողերը 25 տարով վարձակալության է վերցնել։ Ինքն իր հետ վարձակալության պայմանագրի կնքումից 7 տարի անց գյուղապետի ընտրություններում պարտվել է, ավելի ուշ մահացել է ու դրանից հետո հողերը տիրապետելու իրավունքն անցել է որդուն՝ Բարսեղ Այվազյանին։ Գյուղապետն ասում է՝ միջոցներ է ձեռնարկում լուծարելու, ըստ իրեն՝ անօրինական պայմանագիրը։ «Ունենք լուրջ հիմքեր, որ պայմանագրի մեջ կան սխալներ։ Օրինակ, օրենքով չի թույլատրվում, որ հանձնաժողովի նախագահը լինի մրցույթին մասնակցողը, բայց էդ ձևով ա եղել»,- ասում է Արսեն Տիտանյանը։

Արդեն 9 տարի պաշտոնավարած գյուղապետը մինչ օրս պայմանագիրը լուծարելու հարցում արդյունքի չի հասել։ Ասում է՝ նոտարական վավերացմամբ պայմանագիրը դատարանը պետք է լուծարի։ Եթե առաջիկայում էլ դատարան չդիմի, գյուղի ջրովի վարելահողերը, որոնք, ըստ գյուղապետի, Բարսեղ Այվազյանը խոտհարքի է վերածել, ևս 10 տարի կմնան գյուղացիների համար անհասանելի։ «Էս պահին արդեն կան ընտանիքներ, որոնք էն ժամանակ սեփականաշնորհմանը չեն կարողացել մասնակցել, տարիքը չի համապատասխանել, երիտասարդ են եղել, հիմա արդեն չափահաս են, բայց էդ մարդիկ որևէ սեփականություն չունեն»,- շարունակում է գյուղապետը։

Նոյեմբերի 5-ին Օձունի խոշորացված համայնքում գյուղապետի ընտրություններ են կայանալու։ Գործող գյուղապետը կպայքարի հենց գյուղի պահուստային հողերը ձեռքի տակ առած Բարսեղ Այվազյանի հետ։ Երկուսն էլ արդեն առաջադրել են իրենց թեկնածությունը։ Այվազյանի հետ հարցազրույց վարելու՝ «Ազատության» երկօրյա բանակցություններն արդյունք չտվեցին։ «Ես ասելիք չունեմ»,- միայն ասաց ընտրապայքարի դուրս եկող Այվազյանը, ով մեկ տարի առաջ ևս մրցում էր Օձունի ներկայիս գյուղապետի հետ՝ ստանալով մոտ 900 ձայն՝ 200-ով պակաս, քան Տիտանյանը: «Նրա ընտրվելու նպատակներից մեկն էլ նաև դա է, որ էդ հողերն իր ձեռքին մնան, այսինքն պայմանագիրը լուծարող չլինի, խանգարող չլինի»,- ասում է գործող գյուղապետը։

Օձունեցի 37-ամյա Դոնարա Հախինյանը ևս դժգոհում է՝ իր երիտասարդ ընտանիքն էլ գյուղում հողատարածք չունի։ Նախկին ու ներկա գյուղապետերից նեղացած, նա որոշել է իր թեկնածությունն էլ առաջադրել առաջիկա ընրություններում՝ պայքարի մեջ մտնելով երկու տղամարդկանց հետ։ «Ինչո՞վ են իրանք մեզանից ավել, միայն փողով, որ 10 տարի ղեկավարել են, լավ բյուջեներ ունեն, լավ հարուստ մարդիկ են, իրանք էլ իրանց անասուններ են լավ աճեցնում՝ դառնա 100 հատ կով, 50 հատ խոզ ունենան, տարեկան գոմերը 5 մետր երկարացնեն, 8 մետր էլ լայնացնեն։ Մենակ դրանով են իրանք ուժեղ մեզանից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Դոնարա Հախինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG