Գրականության բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը ստացել է «Օրվա մնացորդը» վեպի հեղինակ Կազուո Իշիգուրոն:
63-այմա գրողը ծնվել է Ճապոնիայում, սակայն դեռ մանկության տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, այնտեղ կրթություն է ստացել և անգլերեն է գրում: Շվեդիայի արքայական ակադեմիան նրան այսօր անվանել է «նուրբ վիպասան, ով մեծագույն զգացական ուժով է աշխատում»:
Իշիգուրոն համարվում է արդիական գրական աշխարհում անգլերեն հրատարակվող լավագույն հեղինակներից մեկը: Նոբելյան մրցանակի հետ մեկտեղ նա կստանա 1 միլիոն 100 հազար դոլարի դրամական պարգև:
«Դա պատիվ է, դա նշանակում է, որ ես գնում եմ մեծ հեղինակների հարթած ճանապարհով, սա իմ աշխատանքի մեծագույն գնահատականն է»,- ասել է Կազուո Իշիգուրոն BBC-ի թղթակցին:
Նա հեղինակել է 7 վեպ, բազմաթիվ կարճ պատմվածքներ և սցենարներ: «Օրվա մնացորդը» վեպը հրատարակվել է 1989 թվականին:Գրքի հիման վրա գրված սցենարով 1993 թվականին նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, որն առաջադրվել է «Օսկարի»:
Կազուո Իշիգուրոն վերջին վեպը՝ «Թաղված հսկան», հրատարակել է 2015 թվականին և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Միացյալ Նահանգներում: