Մատչելիության հղումներ

«Արմենիա» բ/կ-ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի


«Արմենիա» բժշկական կենտրոնը Երևանում, արխիվ
«Արմենիա» բժշկական կենտրոնը Երևանում, արխիվ

«Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում հիշեցնում է․ - «ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ գնալու է բժշկական կենտրոն բուժզննման և ցուցումներ տվել՝ իր փախուստը կազմակերպելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել դատապարտյալի ծանոթը՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ.՝ մարզական պայուսակով, և Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով պայուսակից հանել է ինքնաձիգը ու կրակել։ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը»:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 238-րդ հոդվածի (զենք-զինամթերք հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ (ազատազրկման, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի փորձ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1988թ. ծնված երիտասարդին՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք) 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի (հանցակցություն ազատազրկման, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի փորձին) 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG