Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը կոնսենսուսով վճռել է, որ 2016 թվականին Ռուսաստանը միջամտել է ամերիկյան նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ` Դոնալդ Թրամփի և Մոսկվայի միջև դավադիր համաձայնության վարկածի վերաբերյալ դեռ կարծիք չկա: Հանձնաժողովի նախագահ, Հյուսիսային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Ռիչարդ Բարրը երեկ ասել է, որ այդ հարցով քննությունը շարունակվում է:
Նրա փոխանցմամբ, հանձնաժողովն անցկացրել է ավելի քան 100 հարցաքննություն՝ այդ թվում ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմերի աշխատակիցների հետ, ստացել է ավելի քան 100 հազար տարբեր փաստաթղթեր, դեռ պետք է հարցաքննի գործով անցնող ավելի քան 25 քաղաքացիների: Նա հուսով է, որ հետաքննությունը կավարտվի այս տարվա ընթացքում:
Հանձնաժողովի փոխնախագահ, Վիրջինիայից ընտրված դեմոկրատական սենատոր Մարք Ուորների փոխանցմամբ, «կա կոնսենսուս առ այն, որ ռուսները հաքերային եղանակով կոտրել են ամերիկյան քաղաքական կայքերը և տարածել տեղեկություններ, որոնք պետք է շեղեին ընտրությունների ընթացքը»:
Բարրի պնդմամբ, «թեպետ ռուսները միջամտել են ընտրություններին, վստահ կարելի է փաստել, որ դա չի ազդել քվեարկության արդյունքի վրա»: