Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը հոկտեմբերի 7-ին Բելգրադում հանդիպելու է Կրեմլի խորհրդական Վլադիսլավ Սուրկովի հետ, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զբաղվում է ուկրաինական թեմայով:
«Մենք կհանդիպենք մեր պաշտոնակցին և կքննարկենք Մինսկի 2015 թվականի համաձայնագրերի կատարումը խթանելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորությունները», - ասել է Վոլքերը:
Բելգրադն այդ հանդիպման առումով հարմար և չեզոք վայր է, քանի որ Սուրկովի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների բերումով նա չի կարող մեկնել Եվրամիության անդամ երկրի տարածք:
Եվրամիությունը պատժամիջոցները սահմանել է ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների և, մասնավորապես, Ղրիմի գրավման:
Վոլքերը և Սուրկովն առաջին անգամ հանդիպել և բանակցել են այս տարվա օգոստոսի 21-ին Մինսկում: