Մատչելիության հղումներ

Բեռլինն ու Անկարան փորձում են հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը. Hurriyet


Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ
Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ

Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ չանցած Բեռլինն ու Անկարան կարծես փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում ավելի քան մեկ տարի առաջ ծագած դիվանագիտական ճգնաժամը:

Թուրքական Hurriyet պարբերականի տեղեկություններով՝ վերջին օրերին գերմանացի և թուրք բարձրաստիճան դիվանագետների շփումները ակտիվացել են:

Հոկտեմբերի 3-ի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի պաշտոնակից Զիգմար Գաբրիելի հետ, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները՝ հաղորդում է թերթը։

«Դա Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարների թվով երկրորդ հեռախոսազրույցն էր Բունդեսթագի ընտրություններից հետո», - գրում է Hurriyet-ը: «Այսօր արդեն Գաբրիելը և Չավուշօղլուն կմասնակցեն Փարիզում՝ UNESCO-ի շրջանակներում կազմակերպված համաժողովին, ինչն ուղղակի բանակցությունների հնարավորություն է ստեղծում», - գրում է թուրքական թերթը` սակայն հատուկ ընդգծելով, որ առայժմ ոչ Չավուշօղլուի և ոչ էլ Գաբրիելի օրակարգում նման հանդիպում նախատեսված չէ:

Թուրքական մամուլում, ի դեպ, պնդումներ կան, թե գերմանա-թուրքական շփումների ակտիվացումը պատահական չէ: Բունդեսթագի ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնհայտորեն մեղմացրեց իր կոշտ դիրքորոշումը պաշտոնական Բեռլինի հանդեպ:

Reuters-ին տված հարցազրույցում սեպտեմբերի 22-ին Էրդողանը նշում էր. - «Ես հուսով եմ, որ [ընտրություններից հետո] հարաբերությունները կբարելավվեն: Մենք գերմանական հանրության հետ որևէ խնդիր չունենք: Մենք խնդիրներ ունենք Գերմանիայի կառավարության որոշ անդամների և նրանց` Թուրքիայի հանդեպ որդեգրած սխալ մոտեցման հետ»:

Այդ նույն հարցազրույցում Թուրքիայի նախագահը բավական դրական էր արտահայտվում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասին:

«Ձախակողմյան խմբերի հարձակումներին ես մեծ ուշադրություն չեմ դարձնում: Բայց կանցլեր Անգելա Մերկելն, իմ կարծիքով, շատ կարևոր քաղաքականություն է վարում և ներքաշված չէ այդ հարձակումներից և ոչ մեկում», - հայտարարում էր Էրդողանը:

Բեռլինի հասցեին թուրքական կողմի դիվանագիտական ժեստերը շարունակվեցին նաև ընտրություններից հետո. Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընտրություններից մի քանի օր անց ուղերձով դիմեց Անգելա Մերկելին` շնորհավորելով նրան Բունդեսթագի ընտրություններում արձանագրած հաջողության առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG