«Ես ոչ միայն չեն որոշել, թե ում հետ եմ մրցակցելու այդ ընտրություններին, այլ նույնիսկ չեմ որոշել, թե արդյոք մասնակցելու եմ դրանց, թե ոչ», - ասել է Պուտինը՝ հավելելով, թե, ըստ օրենքի, թեկնածուները առաջադրվելու մասին պետք է հայտարարեն նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին։
Ռուսաստանցի փորձագետները, և ոչ միայն նրանք, համոզված են, որ Պուտինը մասնակցելու է ընտրութուններին և հաղթելու է: Այլ հարց է, թե ով է լինելու Պուտինի հիմնական մրցակիցը:
Ըստ մամուլի հրապարակումների, Կրեմլի քաղտեխնոլոգները մի քանի սցենարի վրա են աշխատում՝ մասնավորապես չբացառելով, որ նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը լինի հայտնի լրագրող Քսենիա Սոբչակը։
Ռուսաստանում այսօր անցնող էներգետիկ հարցերով համաժողովին Վլադիմիր Պուտինը մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: Մասնավորապես, ասել է, որ անձնական հարաբերություններ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի հետ չունի, որ նրա հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ, և մի քանի անգամ հեռախոսով է զրուցել՝ այդ թվում նաև Սիրիայի թեմայով: Պուտինի խոսքով, Մոսկվան ու Վաշինգտոնը սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համատեղ մոտեցումներ և որոշումներ են գտնում։
«Թրամփի բնավորությամբ մարդը երբեք չի լինի որևէ մեկի պատանդը», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը այսօր արծարծել է նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը: Նա, մասնավորապես, պատմել է, որ դեռևս 2001 թվականին Հյուսիսային Կորեայի այսօրվա առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը իրեն ասել էր, թե իր ղեկավարած երկիրը ատոմային ռումբ ունի:
«Այսօրվա առաջնորդի հայրը համոզված էր, որ արդեն այն ժամանակ կարող էր հանգիստ խոցել իր հակառակորդին, առնվազն՝ Կորեական թերակղզում: Տասնվեց տարի է անցել, Հյուսիսային Կորեայի դեմ գործում են մշտական պատժամիջոցներ: Սակայն նրանք ատոմային ռումբի փոխարեն ջրածնային ռումբ ունեն արդեն: Սա պարզ օրինակ է, որ պատժամիջոցներով խնդիրը հնարավոր չէ կարգավորել», - ասել է Պուտինը: