Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Իրանի նախագահները համատեղ ասուլիսում անդրադարձել են Քուրդիստանի խնդրին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, 4-ը հոկտեմբերի, 2017 թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան: Թեհրանի օդանավակայանում Էրդողանին և նրան ուղեկցող նախարարներին դիմավորել է Իրանի արդյունաբերության նախարարը:

Այնուհետև «Սադաբադ» պալատում Թուրքիայի նախագահին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ Թուրքիա-Իրան բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստից հետո Էրդողանն ու Ռոհանին առանձնազրույց են ունեցել, որից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Ինչպես և ակնկալվում էր՝ բանակցությունների հիմնական թեման անցած շաբաթ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում կայացած անկախության հանրաքվեն էր, որին դեմ են արտահայտվել թե՛ Անկարան, թե՛ Թեհրանը: Սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքով քվեարկության մասնակիցների շուրջ 95 տոկոսը ձայն էր տվել հօգուտ Հյուսիսային Քուրդիստանի անկախության:

Թուրքիայի նախագահն այսօր իր իրանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին քննադատելով Իրաքի քրդերի՝ անկախանալու որոշումը, հայտարարել է. «Հյուսիսային Իրաքի ղեկավարությունն ինչի՞ հանրաքվեն է անցկացրել: Իսրայելից բացի ուրիշ ոչ մի երկիր իրենց չի ճանաչում: «Մոսադի» հետ քննարկված և ընդունված որոշումն անօրինական է: Այս հարցում Իրանի և Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Իրաքում մենք գործ ունենք միայն կենտրոնական ղեկավարության հետ, և հանրաքվեի արդյունքներն էլ միանգամայն անօրինական ենք համարում»:

Անդրադառնալով միջազգային օրակարգի մեկ այլ հարցի՝ սիրիական ճգնաժամին, Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը եռակողմ ձևաչափով աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ՝ Աստանայի բանակցությունների շրջանակում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, իր հերթին ամփոփելով Էրդողանի հետ հանդիպումը, նշել է՝ իրենց հիմնական նպատակը տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումն է: «Հյուսիսային Իրաքի հարցում Իրանը, Թուրքիան և Իրաքը համագործակցում են: Որոշ օտար երկրներ ծրագրում են թեժացնել այս շրջանում էթնիկական և կրոնական անհանդուրժողականությունը: Թուրքիան և Իրանը մերժում են դա, մենք պաշտպանում ենք Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ռոհանին:

Նա նաև ընդգծել է՝ իրենք չեն ուզում ճնշում գործադրել Հյուսային Իրաքի քրդական ինքնավարության հարևան և եղբայր ժողովրդի վրա, բայց որոշ ղեկավարներ ստիպված են հատուցել իրենց սխալ որոշումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG