Մատչելիության հղումներ

Չեխիայի Սենատի նախագահ․ «Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել»


Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխ, Երևան, 4-ը հոկտեմբերի, 2017 թ․

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն այսօր Հայաստանի Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցում հավաստիացրեց ՝ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել, ավելին՝ իր երկիրը հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենքի վաճառելու էմբարգոն:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը, հաղորդել էին, թե թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններում կիրառվել է նաև Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգ: Ավելի վաղ, «Ազատության» հարցմանն ի պատասխան, Չեխիայի արտգործնախարարությունից հայտնել էին, թե վերջին տարիներին Պրահան ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին: Նախարարությունը նշել էր նաև, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,- այսօր հայտարարեց Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններին, շեշտելով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ անցկացվում են ազատ և արդար ընտրություններ: «Շատ ուրախ ենք և ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում խորանում են մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը, ինչը Չեխիան շատ է գնահատում: Հայաստանը դիտում եմ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ անկախ ընտրություններ են կայանում, և որտեղ կա խոսքի ազատություն»,- ասաց Միլան Շտեխը:

Նրա այս հայտարարությունից հետո լրագրողները պատվիրակության անդամ՝ չեխ պատգամավոր Միրոսլավ Նենուտիլին հարց ուղղեցին՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին որտեղի՞ց այն համոզումը, թե Հայաստանում ազատ և արդար ընտրություններ են տեղի ունենում: Փոքր-ինչ շփոթվելով այս հարցից, Նենուտիլը պատասխանեց՝ այդ տեղեկատվությունն իրենք ստանում են Չեխիայի արտգործնախարարությունից, որն էլ, հավանաբար, այն ստացել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG